24/09/2009 14:42
«Դա նույնն է, երբ մենք կանաչ լոլիկից փորձենք տոմատի սոկ քաշել»
«Խաղողի մթերումները կատարվելու են ժամանակին և ոչ մի կիլոգրամ խաղող առանց մթերման չի մնալու», - այսօր լրագրողներին հայտնեց ՀՀ գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանը և անդրադարձավ այն հայտարարություններին, ըստ որորց` մարդիկ խաղողի բերքը տարել թափել են, և որ կազմակերպությունները այլևս չեն մթերում այն:
«Ժողովուրդ ջան, դա ճիշտ չի, ապատեղեկատվություն է», - հայտարարեց Գ. Ալավերդյանը:
Նախարարը պարզաբանեց, որ մթերող կազմակերպությունը` համաձայն կնքված պայմանագրի, կարող է նախատեսվածից մի փոքր ավելին խաղող մթերել, որը, ըստ նույն պայամանգրի, հնարավոր է, սակայն` ոչ մեծ քանակությամբ:
«Եթե պայմանավորվածությունը 10 տոննայի է, և գյուղացին կտանի 10. 200 կգ` խնդիր չկա», - հավաստիացրեց նախարարը:
Բանախոսը նաև անդրադարձավ խաղողի մթերման գներին, և նշեց, որ գները սահմանում է շուկան` ըստ առաջարկի և պահանջարկի:
«Այսօրվա խաղողի գինը լինելու է անցած տարվա գներին համապատասխան, այսինքն` անցած տարի եղել է և 140 դրամ, և 120, և 80 դրամ», - տեղեկացրեց Գ. Ալավերդյանը:
Խաղողի գինը, ըստ նախարարի, առաջանում է նաև ըստ խաղողի տեսակի, քանի որ խաղողահատիկների մեջ տեղի են ունենում տեխնոլոգիական պրոցեսներ, այսինքն, եթե խաղողի մեջ շաքարի պարունակությունը 17 տոկոսից ցածր է, այդ խաղողը պիտանի չէ մթերման:
«Դա նույնն է, երբ մենք կանաչ լոլիկից փորձենք տոմատի սոկ քաշել»,- համեմատեց նախարարը:
Գ. Ալավերդյանը նաև անդրադարձավ խաղողի մշակման ընթացքում որոշ տեխնոլոգիական պրոցեսներին, որոնց խաղողագործները ծանոթ են և պետք է պահպանեն, դա` խաղողաքաղից 1 ամիս առաջ խաղողատարածքները չջրելն է, որ շաքար առաջանա:
«Բայց մարդիկ խաղողաքաղից մի քանի օր առաջ ջրում են, պարունակության մեջ ջուրն են ավելացնում և գործարանի համապատասխան լաբորատորիան պատասխանում է, որ շաքարի պարունակությունը ցածր է», - նշեց գյուղնախարարը և դրանով պայմանավորեց խաղողամթերման ընթացքում ծագած որոշ թյուրիմացություններ: