24/09/2009 11:51
Գաբրիել Սարգսյանը 6-րդ տուրում սայթաքեց
Բելգիական Անտվերպենում շարունակվում է շրջանաձև կարգով անցկացվող շախմատային մրցաշարը, որի շրջանակներում արդեն կայացել են 6-րդ տուրի պարտիաները: Հայ շախմատիստ Գաբրիել Սարգսյանը, ցավոք, հաշվետու տուրում պարտվեց հնդիկ Քրիշնան Սաշիկիրանին և մրցաշարային աղյուսակում զիջեց դիրքերը: Այժմ նա 3 միավորով Աննա Մուզիչուկի հետ միասին բաժանում է 5-6-րդ հորիզոնականները:
Հաշվետու տուրում առաջատարները` Էմիլ Սուտովսկին և Էթյեն Բակրոն, հերթական հաղթանակները տոնեցին համապատասխանաբար Բարթ Միխելսի և Աննա Մուզիչուկի նկատմամբ: ՍուտՈվսկին 5 միավոր ունի իր ակտիվում և միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը, նրան հաջորդում է Բակրոն` 4,5 միավոր արդյունքով: Գաբրիել Սարգսյանին պարտության մատնած Սաշիկիրանն իր միավորների թիվը հասցրեց 3,5-ի և Անտուանետա Ստեֆանովայի հետ միասին կիսում է 3-4-րդ տեղերը: Վերջինս, ի դեպ, առավելության էր հասել Դեյվիդ Հոուելի նկատմամբ:
Յան Թիմանը, իր հերթին, հաղթեց Բարթոշ Սոչկոյին և 2,5 միավորով նույն Սոչկոյի հետ միասին ընթանում է 7-8-րդ հորիզոնականներում: Բարթ Միխելսը վաստակել է 2, Դեյվիդ Հոուելը` 0,5 միավոր: