24/09/2009 14:12
Հայաստանում ուղիղ եթերում կցուցադրվեն «Եվրո-2012»-ի խաղերը
ՈՒԵՖԱ-ն Եվրոպայի 2012 թ. առաջնության խաղերի հեռարձակման իրավունքը վաճառել է Եվրոպական հեռարձակողների միությանը, որը միավորում է Եվրոպայի բազմաթիվ անվճար հեռուստաալիքներ: Միությունը, իր հերթին, հեռարձակման իրավունքը կվաճառի ՈՒԵՖԱ-ի անդամ 36 երկրների: Այս մասին տեղեկացնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
Ըստ համաձայնագրի` 36 երկրներից 29-ում, այդ թվում` Հայաստանում, ուղիղ եթերում կցուցադրվի 31 խաղերից առնվազն 27-ը: Մյուս 7 երկրների (Ադրբեջան, Չեխիա, Հունգարիա, Իսրայել, Ղազախստան, Պորտուգալիա, Սլովակիա) համար ՈՒԵՖԱ-ն և Եվրոպական հեռարձակողների միությունը դեռ պետք հեռարձակման օպտիմալ տարբերակ մշակեն:
Ստորագրված պայմանագիրը, որի ֆինանսական մանրամասները չեն հրապարակվում, չի տարածվում Մեծ Բրիտանիայի, Իտալիայի, Իսպանիայի, Պորտուգալիայի և Նորվեգիայի, ինչպես նաև «Եվրո-2012»-ը կազմակերպող երկրների` Լեհաստանի և Ուկրաինայի վրա: Այս երկրների հետ ՈՒԵՖԱ-ն առանձին համաձայնագրեր կկնքի: