25/09/2009 15:51
Թուրքիան ձգտում է ձերբազատվել Ադրբեջանի ազդեցությունից
Օգոստոսի 31-ին հրապարակված Հայաստանի և Թուրքիայի միջև Շվեյցարիայի միջնորդությամբ նախաստորագրված երկու արձանագրություններն իրենց մեջ որևէ նախապայման չեն պարունակում: Այս տեսակետն այսօր ասուլիսին հայտնեց Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը՝ ընդգծելով, որ նշված փաստաթղթերի վավերացումն ավելի շատ բխում է Երևանի շահերից, քան Անկարայի:
Բանախոսը վստահություն հայտնեց, որ Թուրքիայի խորհրդարանը կվավերացնի փաստաթղթերը, չնայած որ թե այս երկրում, և թե Հայաստանում որոշ քաղաքական ուժեր դեմ են արտահայտվում վավերացմանը: Ըստ Հ.Հովհաննիսյանի, այս ուժերը փաստացի իրենք են նախապայամաններ առաջարկում երկկողմ հարաբերությունների կարգավորման բանակցային սեղանին, ստեղծելով երկու երկրներում «պարիտետային իրավիճակ» և ապահովելով նաև այլընտրանքային կարծիքը` հարաբերությունների հաստատման վերաբերյալ:
Այդ տեսանկյունից քաղաքագետը արդարացված է համարում Դաշնակցության ընդդիմանալը օգոստոսի 31-ին հրապարակված փաստաթղթերի վավերացմանը՝ նշելով, որ ՀՅԴ դիրքորոշումը ավելի է խթանում այն:
Բանախոսն անիմաստ և նույնիսկ վտանգավոր է համարում «Ժառանգության» կողմից առաջարկվող հանրաքվեն, քանի որ այն կարող է ունենալ հայ հասարակության համար հոգեբանապես սպառնացող մի արդյունք, երբ որ Հայաստանի բնակչությունը, հակառակ «Ժառանգության» սպասումների, կարող է կողմ քվեարկել փաստաթղթերի վավերացմանը, ինչի հետևանքով սուր սեպ կխրվի Հայաստան-Սփյուռք հարաբերություններում, որին ևս ձգտում է Անկարան:
Ըստ բանախոսի, Եվրոպական ընտանիքի անդամ դառնալու իր առաջնահերթությունից դրդված՝ Հայաստանի հետ իր հարաբերություններում Թուրքիան ևս ձգտում է ձերբազատվել իր «սփյուռքի»՝ Ադրբեջանի ազդեցությունից:
«Թուրքիան համաձայնվում է հրաժարվել Ադրբեջանի ճնշումներին տեղի տալուց, եթե Հայաստանը դադարի զիջել Սփյուռքին», - նշեց Հ.Հովհաննիսյանը:
Ըստ բանախոսի, հայկական սփյուռքը ևս պետք է հասկանա Հայաստանի համար սահմանի բացման կարևորությունը:
«Պետք չէ մոռանալ, որ կա հին ու նոր Սփյուռք: Ռուսաստանում այսօր մոտ 2 միլիոն հայ է բնակվում, որոնք, եթե սահմանը բացվի, պատրաստ են վերադառնալ այստեղ, աշխատել և ներդրումներ կատարել»,- նշեց բանախոսը:
Վերադառնալով արձանագրությունների վավերացման խնդրին, քաղաքագետը նշեց, որ փաստաթղթերը նախատեսում են միայն դիվանագիտական հարաբերությունների հաստատումն ու Հայաստանը ապաշրջափակելը: Ըստ Հ.Հովհաննիսյանի, այստեղ ոչ մի խոսք չկա սահմանի ճանաչման վերաբերյալ, սակայն, ուժեղանում է մտավախությունները Հայոց Ցեղասպանության ճանաչման գործընթացի կասեցման և հայոց պահանջատիրության ձախողման վերաբերյալ:
«Հայաստանում առկա է դժգոհություն արձանագրությունների հնարավոր ոչ հայանպաստ մեկնաբանությունների առթիվ», - նշեց նա, հավելելով, որ նման դժգոհություններն ու մտահոգությունները փաստացի հիմնավորված չեն:
Հ.Հովհաննիսյանը գտնում է, որ սահմանի բացումով Հայաստանը դուրս կգա այն փակուղային վիճակից, որում հայտնվել է:
«Եթե սահմանը բացվի և վերագործարկվի Կարս-Գյումրի երկաթուղային գիծը, մեծ ինվիստիցիաներ կներդրվեն Հայաստան-Իրան երկաթուղու շինանարության մեջ, և մենք իրոք կդառնանք տրանզիտային երկիր», - ասաց Հ. Հովհաննիսյանը, նկատելով, որ Թուրքիան նման խնդիր չունի, քանի որ նրա սահմանները մյուս բոլոր հարևան երկրների հետ բաց են: