25/09/2009 14:58
Այս տարի կգործարկվի երկաթգծերի Գյումրի-Այրում ուղղությունը
Հոկտեմբերի վերջերին «Հարավկովկասյան երկաթուղիներ»-ը կսկսեն ուղևորափոխադրումների ձմեռային սեզոնը: Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ընկերության գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Մարատ Խակովը, հոկտեմբերին սպասվում է նաև հիմնովին վերանորոգված 2 էլեկտրագնացքների մուտքը համակարգ: Այս տարի կաշխատի նաև Գյումրի-Այրում ուղղությունը:
Մ. Խակովը հայտնեց, որ ՀԿԵ-ում փոփոխություններ են սպասվում աշխատանքի տեխնոլոգիաներում, ինչը միտված է անվտանգության ապահովման բարձրացմանը:
«Խափանումների քանակը անցած տարվա համեմատ նվազել է 22 %-ով` 2008-ին եղել է 215, այս տարի` 169: Շարժակազմերը ռելսերից դուրս գալու դեպքեր անցած տարի եղել են 24, իսկ այս տարի` 18: Խափանումների հիմնական պատճառը ռելսերի և ընդհանուր տնտեսության վիճակն է: Նախատեսված ներդրումների (1 մլրդ 200 մլն դոլար) հիմնական մասն (1 մլրդ դոլար) ուղղվում է ենթակառուցվածքների վերականգնմանը», - ասաց Մ. Խակովը, հավելելով, որ ընկերությունն անհանգստացած է այս տարի տեղի ունեցած միջադեպերով:
Նա վստահեցրեց, որ ենթակառուցվածքներում կատարվում է ուժեղացված վերանորոգում, ինչպիսին չի կատարվել վերջին 20 տարում. 10 կմ գծեր ամբողջովին փոխարինվել են նորերով, կատարվել է 5 կմ գծերի ընթացիկ վերանորոգում, փոխարինվել են 60 հզ փայտակոճեր, այս տարի դրանց թիվը կհասցվի 117 հզ-ի և այլն:
«Շնորհիվ կատարված աշխատանքների այսօր գնացքների միջին արագությունն ավելացվել է 4.2 կմ/ժամ-ով` հասնելով միջինը 50-54 կմ/ժամ-ի», - նշեց Մ. Խակովը:
Նա տեղեկացրեց նաև, որ ընկերությունը հիմնում է դիագնոստիկ կենտրոն: Այդ նպատակով հոկտեմբերի 12-ին մասնագետները պետք է գնան Ռուսաստան, որտեղից կբերեն համապատասխան սարքավորումներ, որոնք առանց մարդու միջամտության գնահատում են երկաթգծերի վիճակը: