25/09/2009 13:47
Երկաթուղիներով բեռնափոխադրումների արտահանումը նվազել է 40 %-ով
«Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ այս տարվա 8 ամիսների ընթացքում տեղափոխել է 1 մլն 776 հզ. տոննա բեռներ: Անցած տրվա համեմատությամբ դա համանման ցուցանիշ է` 10-15 հզ. տոննա տարբերությամբ: Ցավոք, մեզ մոտ արտահանումը նվազել է 40 %-ով, ներկրումը` 5 %-ով: Այսինքն, ընդհանուր ծավալների պահպանումը կատարվել է հիմնականում ներհանրապետական բեռնափոխադրումների հաշվին», - այսօր ասուլիսում հայտարարեց «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Մարատ Խակովը:
Ուղևորափոխադրումների վերաբերյալ նա տեղեկացրեց, որ Բաթումիի ուղղությամբ մարդկանց փոխադրումներն արդեն դադարել են, շարժակազմերը շարունակում են աշխատել Թբիլիսիի ուղղությամբ:
«Միջպետական փոխադրումներով ուղևորների թիվը կազմել է 27 հզ. 274 մարդ, որը նախորդ տարվա հետ համեմատած ավել է 44 %-ով` 18 հզ. 895 մարդ», - տեղեկացրեց Խակովը:
Ներքին ուղևորափոխադրումները կազմել են 465 հզ. 536 մարդ, որը նախորդ տարվա համեմատ նույնպես շուրջ 40 % աճ է արձանագրել. 2008 թ. այդ ցուցանիշը կազմել է 332 հզ. ուղևոր:
Մ. Խակովը նշեց, որ ուղևորափոխադրումների աճը տեղի է ունեցել շնորհիվ Երևան-Արմավիր ուղղության գործարկման, որը սակայն ուսանողների բացակայության պատճառով ամռանը թերի բեռնվածությամբ է աշխատել. «Այսօր արդեն օրական տեղափոխում ենք 300-500 ուղևոր»:
«Ուղևորափոխադրումների աճը պայմանավորված է նաև դեպի Սևան, Շորժա գնացքների երթևեկությամբ: Սակայն սպասվող ցուցանիշները չեն եղել` ամռանը եղանակի ոչ բարենպաստ լինելու պատճառով», - ասաց Մ. Խակովը: