25/09/2009 15:33
«Վրաստանի ուղղությամբ բեռնափոխադրումները կնվազեն 25-30 %-ով»
Հայաստան-Թուրքիա սահմանի բացման դեպքում երկաթուղու Գյումրի-Կարս հատվածը կաշխատի 2 օրվա ընթացքում: «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Մարատ Խակովն այսօր ասուլիսում հայտարարեց, որ Ախուրյան կայարանն արդեն ազատվել է այնտեղ եղած հին վագոններից, աշխատաքններ են տարվում սահմանային և մաքսային անցակետերի համար շենքերի նախապատրաստման ուղղությամբ: Ճանապարհի 9 կմ երկարությամբ այդ հատվածում գնացքները կերթևեկեն 15-25 կմ/ժ արագությամբ:
Խակովը տեղեկացրեց, որ հայ-թուրքական սահմանին նախատեսվում է բացել լոգիստիկ կենտրոն. «Պայմանավորվածություն կա մի ընկերության հետ, և նախագծի կազմման աշխատանքները արդեն տարվում են»: Հոկտեմբերին նախատեսում են նաև սահմանի մոտ վերականգնել ենթակառուցվածքները:
«Թուրքիայի հետ աշխատանքի տեխնոլոգիան սովորականից քիչ այլ է լինելու, քանի որ թուրքական և ռուսական ընկերությունների պահանջները շարժակազմերի նկատմամբ տարբեր են, և հայկական շարժակազմը` չափերի ու տեխնիկական խնդիրների պատճառով, պատրաստ չէ գնալ Թուրքիայի կողմ», - հայտնեց Մ. Խակովը, նշելով, որ բեռները թուրքական գնացքներից տեղափոխվելու են հայկական գնացքներ և հակառակը:
ՀԿԵ-ն թուրքական կողմի հետ բանակցություններ չի վարել, և Մ. Խակովը Թուրքիայում երկաթուղու վիճակի մասին տեղյակ չէ:
«Սահմանի բացման դեպքում Վրաստանի ուղղությամբ բեռնափոխադրումները կնվազեն 25-30 %-ով: Նախնական հաշվարկներով, առաջին փուլում Գյումրի-Կարս բեռնափոխադրումները կկազմեն 1-2 մլն տոննա», - ասաց Մարատ Խակովը: