26/09/2009 12:02
ՀՀ ՊՆ-ն հերքում է Է. Սաբիրօղլու տարածած ապատեղեկատվությունը
Ադրբեջանի ՊՆ մամուլի քարտուղար Էլդար Սաբիրօղլուն սեպտեմբերի 25-ին կրկին հանդես է եկել հերթական ապատեղեկատվությամբ, որտեղ նշում է, թե վերջին մեկ տարվա ընթացքում զորավարժությունների ժամանակ, իբր վատ կառավարման հետևանքով, զոհվել են 10 հայ զինծառայողներ, իսկ վերջին զորավարժության ժամանակ 76 զինծառայողներ հրաժարվել են մասնակցել ուսումնական վարժանքներին:
Արդեն սովորական դարձած ադրբեջանական տեղեկատվական կեղծիքներին ի պատասխան, ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ Սաբիրօղլուի հաղորդած լուրերը բացարձակ սուտ են, ոչ մի կապ չունեն իրականության հետ և ընդամենը Ադրբեջանի ՊՆ մամլո խոսնակի հիվանդ երևակայության հետևանք են:
Իսկ Ադրբեջանի ռազմական ղեկավարությանը խորհուրդ ենք տալիս ցանկալին որպես իրականություն ներկայացնելու և զավեշտալի ստեր տարածելու փոխարեն զբաղվել սեփական բանակում տիրող անմխիթար վիճակով և անմարդկային բարքերի վերացմամբ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: