28/09/2009 12:18
ՏՏ ոլորտի գիտնականները Երևանում են
Այսօր ՀՀ ԳԱԱ-ում մեկնարկեց «Կոմպյուտերային գիտություն և ինֆորմացիոն տեխնոլոգիաներ» (CSIT-2009) 7-րդ միջազգային գիտաժողովը, որին մասնակցում են 27 երկրների, այդ թվում Ռուսաստանի, Գերմանիայի, Ֆինլանդիայի, Իտալիայի, Ֆրանսիայի, Թուրքիայի, Հունգարիայի, Մեծ Բրիտանիայի, Ուկրաինայի, Ճապոնիայի, ԱՄՆ-ի ՏՏ ոլորտի գիտնականներ:
Ներկաներին ողջույնի խոսքով դիմեցին ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը, ովքեր իրենց խոսքում կարևորեցին ողջ հասարակության համար համակարգչային գիտությունների ոլորտը:
Ն.Երիցյանը նշեց, որ այս գիտաժողովը մեկն է այն միջոցառումներից, որոնք նախատեսված են ՏՏ ոլորտին նվիրված մեկամսյակի շրջանակներում:
Միջազգային գիտաժողովի նպատակն է քաջալերել համակարգչային գիտության զարգացումը, տեղեկատվական տեխնոլոգիաների ասպարեզում փորձագետների միջև գիտական ու տեխնոլոգիական տեղեկատվության փոխանակումը, ինչպես նաև հնարավորություն ստեղծել ընդլայնելու Հայաստանի ու միջազգային կենտրոնների գիտնականների միջև համագործակցությունը:
Գիտաժողովում կներկայացվեն զեկույցներ հիմնարար գիտությունների ոլորտից, կանցկացվեն կիրառական նշանակություն ունեցող հատուկ աշխատանքային նստաշրջաններ՝ «Հայաստանի մասնակցությունը Սևծովյան փոխկապակցություն նախագծին», «Տեղեկատվության անվտանգությունը Հայաստանում - ներկա վիճակը և խնդիրները», «UNL - Համընդհանուր ցանցային լեզու», «Հայկական ազգային GRID նախաձեռնություն», «Հարավային Կովկասի տարածաշրջանի GRID ենթակառուցվածքները. ներկա վիճակը և հեռանկարները» թեմաներով: Կկազմակերպվեն նաև ուսուցողական սեմինարներ:
Մասնակիցները գիտաժողովի արդյունքները կամփոփեն «Հայաստանում ՏՏ քաղաքականության շուրջ» թեմայով կլոր սեղանի ընթացքում:
Գիտաժողովը կտևի մինչև հոկտեմբերի 2-ը: Այն կազմակերպվել է ՀՀ ԳԱԱ-ի, ԳԱԱ ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի կողմից` ՀՀ կառավարության, «Սինոփսիս» Հայաստան LTD-ի, «Յունիկոմպ» CJSC-ի, «Հայլինք» JSC-ի, Երևանի ավտոմատ կառավարման համակարգերի գիտահետազոտական ինստիտուտի, Երևանի կապի միջոցների գիտահետազոտական ինստիտուտի, «ՎիրաժԼոջիք» Հայաստանի, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի, Հայաստանի զարգացման գործակալության աջակցությամբ: