28/09/2009 16:37
Վերանորոգվել Է Արարատ-Երևան գազատարը
Արդեն ավարտել են Արարատ-Երևան գազատարի կոռոզիայի ենթարկված հատվածների վերականգնողական աշխատանքները, որի արդյունքում հնարավորություն է ընձեռնվել խողովակաշարը շահագործել ամբողջ թողունակությամբ: Այս մասին հայտնում են «ՀայՌուսգազարդ»-ի լրատվական ծառայությունից:
«Գազպրոմ» ընկերության «Օրգէներգոգազ» կազմակերպության և «ՀայՌուսգազարդ»-ի Ինժեներական կենտրոնի կողմից կատարված հետազոտությունների արդյունքների հիման վրա վերանորոգման և վերականգնման աշխատանքներն իրականացվել են նոր տեխնոլոգիայով` առանց գազամատակարարումը դարարեցնելու: Աշխատանքներն իրականացվել են «ՏԵԽՆՈ ՖԻՏ», «Եղվարդշին» և «Սնարտ» ընկերությունների կողմից: Աշխատանքների համար «ՀայՌուսգազարդ»-ի կողմից ներդրվել է ընդհանուր առմամբ 1 մլդ 500 մլն դրամ:
«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ գլխավոր տնօրենի խորհրդական, Իրան-Հայաստան գազատարի շինարարության ղեկավար Վլադիմիր Մարգարյանի տեղեկացմամբ, կոռոզիայի հիմնական պատճառներից մեկը տարածքներում ոռոգման համակարգերի խափանումներն են, ինչպես նաև ստորգետնյա գազատարի ծրագծի վրա կատարված բազմամյա ծառատնկումները, ինչի հետևանքով էլ քայքայվել է խողովակի մեկուսացիչ շերտը և կոռոզիայի ենթարկվել: Գազատարի վերանորոգման աշխատանքներն իրականացնելու և հետագայում նման իրավիճակներից խուսափելու համար այժմ ստեղծված է առնվազն 6-9 մ լայնքով անվտանգության գոտի: Նշված տարածքների համար հողօգտագործողներն ու գյուղատնտեսական սուբյեկտները համապատասխան փոխհատուցում են ստացել «ՀայՌուսգազարդ»-ի կողմից:
Ըստ Վ. Մարգարյանի, վերականգնողական աշխատանքների հիմնական նպատակն է Իրան-Հայաստան գազատար համակարգով բնական գազի առավելագույն ծավալի տեղափոխումը դեպի Երևանի 1-ին և Սովետաշենի 2-րդ գազաբաշխիչ կայաններ, որտեղից էլ Երևանի ՋԷԿ, գազապահեստարան և այլ օբյեկտներ: Ձմռան նախաշեմին գազատարը հնարավորություն կտա տեղափոխել օրական մինչև 6 մլն խմ գազ: