29/09/2009 14:22
Կանխատեսում. Դրամի արժեզրկումը կլինի դանդաղ և տեսանելի
«Ներկայումս իրավիճակը մարտ ամսից շատ է տարբերվում. կա դրամի արժեզրկում, բայց, ի տարբերություն մարտ ամսվա, դրամի արժեզրկումը դանդաղ է գնում և մեծ ցնցումներ մենք չենք կանխատեսում, որ մեկ օրում դրամի փոխարժեքը արժեզրկվի 10-30 %-ով»,- այսօր ասուլիսում հայտարարեց Հայէկոնոմբանկի տնօրեն Դավիթ Սուքիասյանը:
Նրա կարծիքով, հնարավոր է փոքր ինչ բարձրացումից հետո փոխարժեքի նվազեցում լինի, որովհետև բանկերը` ունենալով մարտի փոխարժեքի տատանումը, դիրքավորվել են բաց դիրքերում. «Սա նշանակում է, որ ավելի շատ արտարժույթ են գնել, բայց դա անվերջ տևել չի կարող, որովհետև հաճախորդներն իրենց դրամային միջոցները փոխարկում են դոլարի և, համապատասխանաբար, բանկը չի կարող այդ արտարժութային միջոցները պահել: Նա ստիպված է լինելու դրանք վաճառել»:
Դ. Սուքիասյանի կանխատեսմամբ, մոտ ժամանակներս հնարավոր է փոխարժեքի դրամի արժևորում` մինչև 5 դրամ:
Անդրադառնալով բանկերի ավանդային պորտֆելի կառուցվածքին` Դ. Սուքիասյանը նշեց, որ հաճախորդները նախկինում իրենց ավանդները պահում էին հավասար` թե դրամով և թե դոլարով (50:50), իսկ հիմա ավելի շատ նախընտրում են ավանդները դոլարով պահել (10:90):
Մասնավոր տրանսֆերտների տատանումների վերաբերյալ բանկի տնօրենը հայտնեց, որ անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կա 30 % նվազում: Սակայն վիճակագրության համար պետք է հաշվի առնել նաև այն, որ գումարները գալիս են «գրպաններում»` շատ դեպքերում Ռուսաստանից և Ուկրաինայից եկող տրանսֆերտները շրջանցում են բանկերը, քանի որ մարդիկ չեն վստահում բանկային համակարգին, իսկ Եվրոպայից տրանսֆերտները շարունակվում են իրականացվել բանկերի միջոցով: