29/09/2009 15:58
Տնտեսության անկման ամենացածր կետից ետ` դեպի վեր
«Հաջորդ տարի կկարողանանք վերջնականորեն կայունացնել տնտեսությունը և փորձել հիմքեր ստեղծել` ապահովելու երկրի կայուն զարգացումը առաջիկա տարիներին», - այսօր ասուլիսում հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը` 2010 թ. բյուջեն որակելով որպես «տնտեսության կայունացման բյուջե»:
Ամփոփելով մակորտնտեսական ցուցանիշները, Տ. Դավթյանը համոզմունք հայտնեց, որ «տնտեսության անկման ամենացածր կետին արդեն հասել ենք», որովհետև օգոստոս ամսվա կտրվածքով արդեն ունենք տնտեսության աճ. «Համապատասխան ժամանակահատվածները համեմատելով` արդեն օգոստոսից ունենք թեկուզ փոքր, բայց 0.1 տոկոսի անկման նվազման միտում»:
Նախարարը հույս հայտնեց, որ անկման նվազագույն կետից կսկսվի տնտեսության դանդաղ վերականգնումը, և այդ միտումն առավել ցայտուն կդրսևորվի առաջիկա ամիսներին:
«Կանխատեսում ենք, որ 7-8 ամսվա կտրվածքով ունեցած 18.5 տոկոս անկման ծավալը մինչև տարվա վերջ կնվազեցնենք մինչև 15 տոկոս: 2010 թ. կնկատվի ոչ մեծ, բայց տնտեսական աճ` 1.2-1.3 տոկոս, որը հնարավորություն կտա ասելու, որ տնտեսությունը 2010 թ-ից կսկսի ռեալ դուրս գալ ճգնաժամից, և մեր կյանքը կկարողանանք դարձնել առավել կանխատեսելի ու կառավարելի»,- նշեց Տ. Դավթյանը: