30/09/2009 12:58
ՏՏ ոլորտը գտնվում է ՀՀ նախագահի հատուկ ուշադրության կենտրոնում
Նոյեմբերի երկրորդ կեսին Երևանում տեղի կունենա Հայաստանի Հանրապետության նախագահի՝ ՏՏ ոլորտում Համաշխարհային Հեղինակության ամենամյա պարգևի մրցանակաբաշխության անդրանիկ պարգևատրումը: Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ հայտնեցին Մրցանակաբաշխության կոմիտեի համանախագահներ ՀՀ նախագահի խորհրդական Անդրանիկ Մանուկյանը և «Սինոփսիս» ընկերության փոխնախագահ Ռիչ Գոլդմանը:
Խոսելով մրցանակաբաշխության խորհրդի մասին, Ա.Մանուկյանը նշեց, որ ՏՏ ոլորտը գտնվում է ՀՀ նախագահի հատուկ ուշադրության կենտրոնում, քանզի Հայաստանն այդ ոլորտում ունի հզոր համեմատական առավելություն, ինչն արդեն ճանաչված է աշխարհի կողմից:
«Հայտնի է, որ ՀՀ նախագահը միջոցառումներ և պարգևատրումներ է նախաձեռնել` օժանդակելու և քաջալերելու այս ոլորտի զարգացմանը Հայաստանում: Սա ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ նախագահի մրցանակն է, որը շնորհվում է տարին մեկ անգամ՝ համաշխարհային մասշտաբով՝ այս ոլորտի զարգացման միջոցով մարդկության համար արտակարգ ներդրումներ կատարած մարդկանց»,- նշեց խորհրդականը:
Ա.Մանուկյանը հայտնեց, որ այս մրցանակի գլխավոր նպատակը ՏՏ ոլորտում բարձր վաստակի մարդկանց ճանաչելն ու մեծարելն է, ինչպես նաև Հայաստանի տնտեսությանը և ներդրումային հնարավորություններին ծանոթացնելը:
Ռիչ Գոլդմանը, բարձր գնահատական տալով Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մակարդակին և դրա զարգացման հեռանկարներին, կարևորեց նման մրցանակաբաշխության անցկացումը մի երկրում, որը համաշխարհային մակարդակով այս ոլորտում իր ուրույն տեղն ունի: Նա հույս հայտնեց, որ ՀՀ նախագահի պարգևը կունենա նույն նշանակությունը, ինչ Նոբելյան մրցանակը, նշելով, որ կազմակերպչական առումով մրցանակաբաշխությունը տեղի է ունենալու գրեթե նույն ձևաչափով և բովանդակությամբ:
Ըստ «Սինոփսիսի» փոխտնօրենի, արդեն ընտրվել է անդրանիկ մրցանակաբաշխության պագևատրվողը, ով կժամանի Հայաստան՝ ՀՀ նախագահի պարգևը ստանալու համար: Նա հայտնեց, որ մրցանակաբաշխության մասնակցելու համար հայտեր էին ներկայացվել Ամերիկայից և Արևմտյան Եվրոպայից, ինչը, ըստ նրա, խոսում է պարգևի նկատմամբ հատուկ ուշադրության մասին:
Նշենք, որ մրցանակը բաղկացած է մեծ ոսկե մեդալից, որին պատկերված է ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի հեղինակած արծիվը, դիպլոմից և արծաթե հուշախորհրդանիշից, որոնք հաստատվում են Մրցանակաբաշխության խորհրդի կողմից: