02/10/2009 18:08
Գ. Սարգսյան. «Շատ հետաքրքիր բաներ կան այս ցուցահանդեսում»
«Նման միջոցառումները հանդիսանում են հենց այն առաջին քայլը գիտական մշակումների, որոնք թույլ են տալիս մտնել կյանք: Արդեն մի երկու հետաքրքիր բանի հետ ծանոթացանք, կարծում եմ, ընդհանրապես, շատ հետաքրքիր բաներ կան այս ցուցահանդեսում և հնարավորություն կտան մեզ հետագա ծրագրեր մշակելիս հաշվի առնել այս ձեռքբերումները»,- այսօր DigiTec Expo 2009 ցուցահանդեսի ժամանակ նման կարծիք հայտնեց ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գուրգեն Սարգսյանը` կարևորելով ցուցահանդեսի անցկացումը:
Հեռահաղորդակցության զարգացման ուղղությունների վերաբերյալ նախարարը նշեց, որ տեխնոլոգիաները և գիտությունը զարգանում են` առանց նայելու տնտեսական ճգնաժամին և այդ զարգացումը կանգնեցնել հնարավոր չէ: Ըստ նրա, այսօրվա նորամուծությունները մի շարք ուղղություններ են առաջարկում, որոնք կարող են զուգահեռ զարգանալ, բայց հնարավոր է նաև դրանցից մի քանիսը կյանքի կոչվեն և ամբողջ շուկան գրավեն. «Օրինակ, ինտերնետի տարածումը հոսանքի գծերով. որքանո՞վ դա կյանքում տեղ կգտնի, իչքանո՞վ կգրավի ամբողջ շուկան, թե՞ կմնա որպես որպես փորձ, կամ մի մաս: Դա կերևա ժամանակի ընթացքում»:
Անդրադառնալով ինտերնետ ներկրող ընկերությունների` «Արմենտելի» և «Ֆայբերնետի» կողմից գների 20-25 %-ով նվազեցմանը, և Գ. Սարգսյանը նշեց, որ այդ գործընթացը միտումներ ունի և միանգամյա գործողություն չէ:
«12-13 հզ-ից սկսած այդ գումարն այսօր հասել է 600-700 դոլարի: Ցավոք, գների նման կտրուկ փոփոխություն մանրածախ շուկայում դեռևս չի նկատվել: Կարծում եմ` այս վերջին փոփոխությունները պրովայդերներին հնարավորություն կտան վերանայել իրենց ինտերնետի գները և մեր քաղաքացիներն ավելի էժան և որակով ինտերնետ կունենան»,- ասաց Գ. Սարգսյանը:
Պատասխանելով Aysor-ի հարցին, թե ի՞նչ փոփոխություններ կլինեն ինտերնետ մեծածախ շուկայում երրորդ օպերատորի` «GLCalfa»-ի մուտքից հետո, ՀՀ տրանսպորտի և կապի նախարարը նշեց, որ ևս մեկ մալուխի առկայությունը թույլ կտա մրցակցություն ապահովել մեծածախ ինտերնետի շուկայում, որն էլ հնարավորություն կտա «և' որակի, և' գնի հարցում քայլել անելու»: