02/10/2009 14:14
Տիգրան Սարգսյանը կտրեց DigiTec-ի կարմիր ժապավենը
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում այսօր բացվեց DigiTec Expo 2009 ամենամյա ցուցահանդեսը, որը նվիրված է բարձր տեղեկատվական և հեռահաղորդակցման տեխնոլոգիաներին, դրանց կիրառմանը գործնական առօրյայում և արդյունաբերության մեջ:
Ցուցահանդեսի բացմանը ներկա էին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը և շվեդական «Էրիքսոն» ընկերության փոխնախագահ Յան Քոմպբելը:
Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանն իր բացման խոսքում ողջունեց ներկաներին` նշելով, որ ցուցահանդեսում կարելի է վայելել ՏՏ ոլորտի նորարարությունները:
«Էրիքսոն» ընկերության փոխնախագահը բացման խոսքում նշեց, որ ընկերության ամենահիշարժան ձեքբերումներից է դեպի շարժական (մոբայլ) տեխնոլոգիաներին անցումը:
«Հաջորդ քայլը լայնաշերտ շփումն է, և Հայաստանը թևակոխում է լայնաշերտ ցանցի ստեղծման փուլ: Այս լայնաշերտ ցանցը հնարավորություն կտա երկրում ակտիվացնել համայնքների շփումը, մասնակցել համաշխարհային թվային զարգացմանը: Հայաստանի ծրագրային լուծումները կարող են մրցակցել եվրոպական երկրների հետ, գյուղացիական հասարակության կրթության մակարդակն էլ ավելի կբարձրանա», - ասաց Յ. Քոմպբելը` հավելելով, որ «Էրիքոսն»-ը այժմ մեծացնում է իր գործունեության ծավալները Հայաստանում:
ՀՀ վարչապետ Տ. Սարգսյանը շուրջ 1.5 ժամ շրջեց տաղավարներում և մանրակրկիտ ծանոթացավ տեղեկատվական տեխնոլոգիաների առաջատարների ու նորաստեղծ կազմակերպությունների ներակայացրած նմուշներին:
Նշենք, որ DigiTec Expo 2009 ցուցահանդեսը ներառում է համակարգչային սարքավորումների, հեռահաղորդակցության, անլար ցանցերի, ծրագրային ապահովման, ֆինանասաբանկային համակարգերի, էլեկտրոնային կառավարման, էլեկտրոնային բիզնեսի, ՏՀՏ կրթության, գիտահետազոտական աշխատանքների և այլ բնագավառներ:
Ցուցահանդեսը կգործի մինչև հոկտեմբերի 4-ը: