02/10/2009 12:14
Ստուգումների ժամանակ հայտնաբերվել է թմրանյութ
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կողմից ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելիս ս.թ. սեպտեմբերի 26-ին, ժամը 1300-ի սահմաններում հատուկ ստուգման են ենթարկվել Մկրտիչ Հ.-ի կողմից դատապարտյալ Արամ Հարոյանին հանձնելու նպատակով «Արթիկ» քրեակատարողական հիմնարկ բերված ոսկորի կտորները: Ըստ Մկրտիչ Հ.-ի տված բացատրության, ոսկորների կտորները նախատեսված են եղել «թազբեհ» պատրաստելու համար: Ստուգման արդյունքում ոսկորներից մեկում հայտնաբերվել է թմրանյութ:
Հոկտեմբերի 1-ին, նույնպես օպերատիվ տեղեկությունների իրացման արդյունքում, ժամը 1715-ի սահմաններում հատուկ ստուգման են ենթարկվել «Սևան» քրեակատարողական հիմնարկ բերված կոնֆետները: Կոնֆետների ստուգման արդյունքում հայտնաբերվել է «ափիոն» տեսակի թմրանյութ:
Բորիս Կ.-ն, ով Արսեն Խ.-ի հետ կոնֆետները բերել է քրեակատարողական հիմնարկ, բացատրություն է տվել այն մասին, որ իրեն է զանգահարել դատապարտյալ Գոռը և խնդրել հանձնուքը ստանալ Վանաձոր քաղաքից Երևան ժամանած երթուղային տաքսիներից մեկի վարորդից: Իսկ Արսեն Խ.-ի կողմից տրված բացատրության համաձայն, նույն դատապարտյալը զանգահարել և իրեն խնդրել է անձնագրով գալ քրեակատարողական հիմնարկ և մեկ այլ դատապարտյալի անունով փոխանցել նշված հանձնուքը, որում և հայտնաբերվել է թմրանյութ:
Նշված 2 դեպքով նշանակվել են համապատասխան փորձաքննություններ, կատարվում է հետաքննություն: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Արդարադատության նախարարության ՔԿՎ հասարակայնության հետ կապերի բաժանմունքի պետ Արսեն Բաբայանը: