03/10/2009 09:12
Ռալֆ Յիրիկյանը ելույթ ունեցավ ԵՊՀ 90-ամյակին նվիրված գիտաժողովին
ՎիվաՍել-ՄՏՍ-ի Գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը նախօրեին ելույթ ունեցավ Երևանի պետական համալսարանի 90-ամյակին նվիրված «Համալսարանական կրթությունը 21-րդ դարում» միջազգային գիտաժողովին:Այս մասին հայտնում են ընկերությունից:
«Բիզնես և կրթություն. կորպորատիվ համագործակցություն» վերնագրով իր ելույթում Ռալֆ Յիրիկյանն անդրադարձավ այն դերին, որ կարող է խաղալ բիզնեսը Հայաստանում բարձրագույն կրթական համակարգի բարելավման և կատարելագործման հարցում` դարձնելով այն առավել համապատասխան շուկայի պահանջներին:
ՎիվաՍել-ՄՏՍ-ի Գլխավոր տնօրենը, մասնավորապես խոսեց ընկերության որդեգրած երկու սկզբունքներից` կորպորատիվ պատասխանատվությունից և նորարարական լուծումներից` լինի տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտում, թե հասարակության հետ հարաբերություններում:
Այս երկու սկզբունքներն են, որ դրդում են ՎիվաՍել-ՄՏՍ-ը զարգացնելու համագործակցությունը մեր երկրի կրթական հաստատությունների հետ. ընկերությունները, որոնք ունեն փորձառու և արհեստավարժ աշխատակիցներ և կառավարման ճկուն համակարգ, հաղթում են ռեսուրսների համար մղվող և օրեցօր սաստկացող մրցակցությունում: Սակայն դրա համար ընկերությունը պետք է բաց լինի առաջընթացի և նորարարությունների համար. ահա թե ինչու է ՎիվաՍել-ՄՏՍ-ը շարունակաբար տեխնոլոգիական և շուկայավարական լուծումներ փնտրում:
«Ինչու՞ պետք է բիզնեսը համագործակցի կրթության ոլորտի հետ: Ժամանակակից աշխարհում, անընդհատ մրցակցության պայմաններում շահում են այն ընկերությունները, որոնք հետևում են նորարարություններին և ապահովում են աշխատակազմի շարունակական ուսուցում` գործունեության հիմքում կարևորելով նորովի մոտեցումը և մտածելակերպը: Դա է երկրի զարգացման ճանապարհներից մեկը: Կարծում ենք, որ հարցերին պետք է մոտենալ ոչ միայն կոմերցիոն ընկերության տեսանկյունից, այլև` որպես կորպորատիվ քաղաքացի: Այդ առումով, ընկերության առանձնահատուկ ուշադրության կենտրոնում է և լինելու է բարձրագույն կրթությունը: ՎիվաՍել-ՄՏՍ-ը հայաստանյան բուհերին է ներկայացնում իր ձեռքբերումները, ուսանողներին և շրջանավարտներին հնարավորություն ընձեռելով տեսական գիտելիքները հարստացնել` ծանոթանալով տեխնոլոգիական նորարարություններին» ,- իր խոսքում նշեց Ռալֆ Յիրիկյանը: