03/10/2009 13:18
Կենսաթոշակների և նպաստների պետական ծախսերն ավելացել են
2009 թ. հունվար-օգոստոս ամիսներին պետբյուջեի ընթացիկ ծախսերի 35.5%-ն ուղղվել է սոցիալական նպաստներին և կենսաթոշակներին, որոնք կազմել են ավելի քան 157.7 մլրդ դրամ կամ իննամսյա ծրագրի 86.9%-ը: Մասնավորապես, 116.9 մլրդ դրամ տրամադրվել է կենսաթոշակներին, 40.8 մլրդ դրամ` նպաստներին:
2008 թ. նույն ժամանակահատվածի համեմատ կենսաթոշակների մասով բյուջեի ծախսերն աճել են 14% ով, իսկ նպաստներինը` 26.2%-ով: Այս մասին տեղեկացնում է ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:
Նույն ժամանակահատվածում պետբյուջեից տրամադրված սուբսիդիաների գումարը կազմել է շուրջ 12.2 մլրդ դրամ, որն ապահովել է իննամսյա ծրագրի 81.2% կատարողական և 22.1%-ով զիջել նախորդ տարվա նույն ցուցանիշը:
Հաշվետու ժամանակահատվածի պետական բյուջեի ընթացիկ ծախսերի 11%-ը կամ ավելի քան 48.6 մլրդ դրամ կազմել են դրամաշնորհները, որից ավելի քան 18.3 մլրդ դրամը տրամադրվել է համայնքների բյուջեներին համահարթեցման սկզբունքով տրվող դոտացիաների ֆինանսավորմանը` 88.9%-ով ապահովելով իննամսյա ծրագրի կատարումը:Դրամաշնորհների իննամսյա ծրագիրը կատարվել է 80.3%-ով: