05/10/2009 17:54
Ադրբեջանը սովորական հակառակորդ չէ, այլ անհաշտ թշնամի
«Ադրբեջանահայության առկայությունը միակ անհերքելի ապացույցն է ադրբեջանցի թուրքերի և արցախահայերի` մեկ պետության սահմաններում համատեղ գոյության: Ադրբեջանը սեփական երկրի ազգությամբ հայ քաղաքացիների նկատմամբ Ցեղասպանություն է իրագործել»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Ադրբեջանահայերի ասամբլեա» ՀԿ նախագահ Գրիգորի Այվազյանը:
«Ադրբեջանը հայկական կողմի համար չի հանդիսանում որպես սովորական հակառակորղ, այլ` անհաշտ թշնամի»,- ասաց բանախոսը և հավելեց, որ իրենք ԱՄՆ-ը դեսպանատուն են դիմել` պարզաբանելու համար փախստականների հարցը, որին պատասխանել են` «համայնքների վերադարձը կարող է լինել միայն համապարփակ խաղաղության փաստաթղթի ստորագրումից հետո»:
Գրիգորի Այվազյանը նշեց, որ Ադրբեջանը Հայաստանի հետ չի փնտրում հաշտեցման եզրեր, ավելին` չի էլ թաքցնում, որ «իր առջև մի նպատակ է դրել` ոչնչացնել ողջ հայ ժողովուրդը»:
ՀԿ նախագահը նաև տեղեկացրեց, որ ԱԺ-ում հարց են բարձրացրել Ադրբեջանում հայերի ցեղասպանության ճանաչման մասին և հավելեց, որ ԱԺ-ի կողմից արդեն ստացել են գրավոր նախագիծ և դրա շրջանակներում շուտով որոշում կընդունի:
«Ադրբեջանահայությունը հանդիսանում է հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի անկյունաքար»,- ասաց նա և նշեց, որ հայկական կողմը որոշել է ազգային անձնագրերի բաժանման ձևով «փակել ադրբեջանահայության խնդիրը»:
Նա համոզմուքն հայտնեց, որ այս կերպ վարվելով` հայկական կողմը թուլացնում է իր դիրքերը բանակցային գործընթացում և Ադրբեջանի փախստականների հարցը դարձնում է ներքին խնդիրը: