05/10/2009 15:20
Կարատեի բաց առաջնությունը կբացահայտի լավագույններին
«Այկկիկենդո» կարատեի ֆեդերացիան կանցկացնի Հայաստանի հերթական բաց առաջնությունը` նպատակ ունենալով մարզիկներին նախապատրաստել հոկտեմբերի 24-31-ը Կիպրոսում կայանալիք Եվրոպայի մինչև 16 տարեկանների կոնտակտային թաեքվոնդոյի և կոնտակտային կարատեի առաջնություններին:
Հայաստանի առաջնությանը մասնակցելու են կոնտակտային ոճում գործող բոլոր ֆեդերացիաների ներկայացուցիչները, ընդհանուր թվով` 6-16 տարեկան 180-200 մարզիկներ: 6-7, 8-9 տարեկանները հանդես կգան 4 քաշային կարգում, իսկ 10-11 տարեկանները և ավելի բարձր տարիքային խմբերը` 5 քաշային կարգում:
«Ներգրավելով բոլոր ֆեդերացիաներին` այս առաջնության անցկացմամբ նպատակ ունենք բացահայտել բոլոր լավագույններին, ովքեր ի վիճակի կլինեն արժանիորեն ներկայացնել Հայաստանը Եվրոպայի առաջնությունում և մեդալներ նվաճել: Հայաստանում ֆեդերացիաները հաճախ են սեփական առաջնություններ կազմակերպում, ինչի հետևանքով մարզիկներն այլ առաջնություններում չեն դիմանում մրցակցությանը: Որքան մրցակիցներդ տարբերվում են ոճով, այնքան ավելի մեծանում է այլ առաջնություններում հաղթանակի հնարավորությունը»,- Հայաստանի բաց առաջնության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ իր համոզմունքն է հայտնել «Այկկիկենդո» կարատեի ֆեդերացիայի նախագահ Դավիթ Աթանեսյանը:
Անցյալ տարի Կիպրոսում տեղի ունեցած Եվրոպայի երիտասարդների առաջնությունում Հայաստանի հավաքականը թիմային հաշվարկով զբաղեցրել է երրորդ հորիզոնականը, իսկ անհատական մրցումներում նաև ոսկե և արծաթե մեդալներ է նվաճել: Դավիթ Աթանեսյանը համոզված է, որ առաջիկա առաջնությունում էլ հայ մարզիկները կկարողանան ոսկե մեդալներ նվաճել: