06/10/2009 09:57
«Միկան» հաղթեց Գաբրիել Սարգսյանի շնորհիվ
Մակեդոնական Օհրիդ քաղաքում ընթացող շախմատային «Եվրագավաթ-2009»-ի 2-րդ տուրում Հայաստանի տղամարդկանց «Միկա» թիմը տոնեց երկրորդ հաղթանակը, այս անգամ` «Մոսկվայի» նկատմամբ` 3,5:2,5 հաշվով: Վճռորոշը Գաբրիել Սարգսյանի հաղթանակն էր Կարուանայի նկատմամբ: Լևոն Արոնյանը, Վլադիմիր Հակոբյանը, Արման Փաշիկյանը, Զավեն Անդրիասյանը և Տիգրան Պետրոսյանը ոչ-ոքի խաղացին համապատասխանաբար Գելֆանդի, Կարյակինի, Նաջերի, Նեպոմնյաշչու և Գրաչևի հետ: Այսօր մեր թիմը կմրցակցի «ՊՎԿ-Կիևչեսսի» հետ: 54 ակումբների մասնակցությամբ ընթացող այս մրցաշարում երկրորդ տուրից հետո մեկ տասնյակից ավելի թիմեր առայժմ միավոր չեն կորցրել և գլխավորում են մրցաշարային աղյուսակը: Նրանց թվում է նաև «Միկայի» այսօրվա մրցակիցը:
Կանանց մրցաշարում «Միկան» 2:2 հաշվով ոչ-ոքի արձանագրեց «Պոլիտեխնիկայի» հետ խաղում: Էլինա Դանիելյանն առաջին տուրում կրած պարտությունից հետո արագ վերականգնվեց և պարտության մատնեց Արախամիա-Գրանտին: Դրոնովալին ու Խուրցիձեն միավորը կիսեցին Դեմբոյի ու Պեպտանի հետ, իսկ Լիլիթ Գալոյանը պարտվեց Մոտոսին:
Ավելացնենք, որ հայ շախմատիստուհիները, ովքեր երկրորդ տուրից հետո ընթանում են մրցաշարային աղյուսակի նախավերջին հորիզոնականում, այսօր կհանդիպեն «Պոլոնիա Վոտում Վրոցլավ» թիմի ներկայացուցիչների հետ: