06/10/2009 10:11
Հայ երիտասարդ ծանրորդները նախապատրաստվում են
Հայաստանի ծանրամարտի երիտասարդական հավաքականը նախապատրաստվում է Եվրոպայի առաջնությանը, որը տեղի է ունենալու հոկտեմբերի 11-18-ն ընկած ժամանակահատվածում, Լեհաստանի Վլադիսլավովո քաղաքում: Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայից մեր թղթակցին տեղեկացրեցին, որ եվրոպական ստուգատեսին մասնակցելու նպատակով մտադիր են հայտավորել 8 մարզիկների:
Ծանրամարտի հայաստանյան գերատեսչությունն առայժմ չի հրապարակում հնարավոր մասնակիցների անունները` շեշտը դնելով նախապատրաստական գործընթացի արդյունավետության մակարդակի պահպանության վրա: Անհրաժեշտ է, որ բոլոր մարզիկներն էլ աշխատեն հավասար պայմաններում, ուստի հավաքականի մարզչական շտաբը որոշել է մրցավայր մեկնելուց առաջ միայն նշել այն ծանրորդների անունները, ովքեր մեր երկիրը կներկայացնեն մայրցամաքային հեղինակավոր այդ մրցաշարում: