07/10/2009 11:55
Երևանում մեկնարկեց ԱՊՀ ՀՔՄԽ հոբելյանական նիստը
Այսօր Երևանում իր աշխատանքները սկսեց ԱՊՀ Հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի հոբելյանական` 30-րդ նիստը:
Նիստի աշխատանքները բացեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նա իր ելույթում անդրադարձավ Հայաստանի ներկա տնտեսական իրավիճակին, ՀՀ կառավարության հակաճգնաժամային քաղաքականությանը և ձեռնարկվող միջոցառումներին:
Հոբելյանական նիստի աշխատանքներին կմասնակցեն ԱՊՀ հակամենաշնորհային մարմինների ղեկավարներն ու ներկայացուցիչները (Հայաստան, Բելառուս, Ղազախստան, Ղրղզստան, Մոլդովա, Ռուսաստանի Դաշնություն, Տաջիկստան, Ուկրանինա), ինչպես նաև ԱՊՀ անդամ չհանդիսացող մի շարք երկրների հակամենաշնորհային մարմինների և մրցակցության հարցերով զբաղվող կառույցների (Ռումինիա, ԱՄՆ, Հունգարիա, Ավստրիա), միջազգային կառույցների ներկայացուցիչներ (WB, USAID, EC, GTZ, OSCE, AEPLAC) և այլն:
Նիստի ընթացքում կքննարկվեն մրցակցության կարգավորման ամենաարդիական թեմաները, որ ծագում են Հակամենաշնորհային քաղաքականության կամ մրցակցության պաշտպանության ոլորտում. հակամենաշնորհային (մրցակցային) օրենսդրության խախտման համատեղ հետազոտությունների արդյունքները, նիստերի միջև ընկած ժամանակահատվածներում առավել նշանակալի իրադարձությունները, գների մոնիտորնգի մասին տեղեկատվության փոխանակման մեխանիզմների հեռանկարային մոդելների մշակում և այլն:
Տեղեկացնենք, որ հոկտեմբերի 6-ից 8-ը Երևանում ընթանում է նաև ԱՊՀ անդամ պետություններում հակամենաշնորհային օրենսդրության խախտման համատեղ ուսումնասիրությունների շտաբի 13-րդ նիստը:
Վաղը նիստերի մասնակիցները իրենց աշխատանքը կամփոփեն ասուլիսում: