07/10/2009 12:43
Բաքվի հյուրանոցում քրդերի միջև հաշվեհարդար է տեղի ունեցել
Քրեական աշխարհի շնաձկները ընդհարվել են Ադրբեջանի տրանսպորտի նախարար Զիա Մամեդովին պատկանող «Դելֆին» հյուրանոցում:
Վստահելի աղբյուրներից ադրբեջանական Musavat.com կայքին հայտնի է դարձել, որ մի քանի օր առաջ Ռուսաստանից Ադրբեջան է ժամանել գողական աշխարհում հանրաճանաչ ազգությամբ քուրդ «Կրասնոդար Բիլո» մականունով մեկը: Նրան Բաքու է գործուղել Ռուսաստանի քրեական վերնախավի ներկայիս առաջնորդ, ազգությամբ եզդի քուրդ Դեդ Հասանը:
Կայքին հայտնի է դարձել, որ Կրասնոդար Բիլոյի Բաքու ժամանելու նպատակը Ադրբեջանի մայրաքաղաքում ավտոմոբիլային բիզնեսին ամբողջությամբ տիրանալու հարցի քննարկումն է եղել: Քրեական աշխարհում հայտնի է, որ Դեդ Հասանը գործին միջամտում է միայն այն դեպքերում, երբ անհրաժեշտ է կանխել արյունալի հաշվեհարդարները: Կասկածներ կան, որ Դեդ Հասանը ինչպես ֆինանսական, այնպես էլ ռազմական կապեր ունի «Քրդական աշխատավորական կուսակցության» (PKK) ` Ադրբեջանում ճանաչված համակիրների հետ, ինչի մասին ժամանակին գրել է ադրբեջանական մամուլը` նշելով, որ Դեդ Հասանը բազմիցս հյուրնկալվել է Բաքվում:
Ըստ Musavat.com-ի, իր մոտ շրջապատի հետ Կրասնոդար Բիլոն նախ եղել է «Այ Իշըղը» ռեստորանում, որտեղ տեղի ունեցած «դիվանին» մասնակցել է նաև Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյայի ներկայացուցիչը (հիշյալ ռեստորանը Բեյլար Էյուբովի ռեստորանների ցանցին պատկանելու պատճառով ենթադրվում է, որ այդ անձը նրա եղբայր Ռաֆիկ Էյուբովն է եղել):
Հանդիպման ժամանակ հիմնականում քննարկվել է Բաքվում ավտոմոբիլային բիզնեսին տիրանալու հարցը, սակայն, դրա կողքին, քննարկվել է նաև Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան-Ռուսաստան երթուղով քրդական գաղթ կազմակերպելու խնդիրը, ինչում հիմնական դերակատարությունը հանձնարարվել է Ադրբեջանից մասնակցի վրա: Որից հետո Կրասնոդար Բիլոն իր շքախմբով մեկնել է Ադրբեջանի տրնասպորտի նախարար Զիյա Մամեդովին պատկանող «Դելֆին» հյուրանոց, որտեղ նա հանդիպել է Բաքվում տեղավորված քրդական խմբավորման ղեկավարության հետ և չպարզաբանված ինչ որ հարց քննարկել:
Կողմերի իրար հետ լեզու չգտնելու պատճառով «հաշվեհարդարը» սուր բնույթ է կրել, և Բիլոյի հետ հյուրանոց ժամանածներն այնտեղից հեռացել են խիստ զայրացած: Ըստ տեղեկությունների, հյուրանոցում գիշերելուց հետո, Կրասնոդար Բիլոն առավոտյան շտապ վերադարձել է Ռուսաստան: