08/10/2009 10:22
ԴԱՀԿ ծառայության ղեկավարությունն այցելեց Վայոց Ձոր և Սյունիք
ՀՀ ԱՆ Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության ղեկավարության պատվիրակությունը հանրապետության Գլխավոր հարկադիր կատարողի գլխավորությամբ ս/թ հոկտեմբերի 6-7 աշխատանքային այցով մեկնեց Վայոց Ձորի և Սյունիքի մարզեր:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ արդարադատության նախարարության ԴԱՀԿ ծառայության մամուլի քարտուղարը, այցը պայմանավորված էր նրանով, որ ծառայության մայրաքաղաքի գրասենյակները ամբողջովին ապահովված են շինություններով, գույքով և տեխնիկական միջոցներով, իսկ հեռավոր մարզերում որոշակի խնդիրներ են ի հայտ գալիս:
Այսպես, Վայոց Ձորի տարածքային բաժնում, ինչպես նաև Գորիս-Սիսիան բաժանմունքում առկա է շենքային պայմանների բարելավման խնդիր: Այցի ընթացքում Գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանի հրամանով նախաձեռնվեց այդ պայմանների բարելավման գործընթացը: Բացի այդ ընդլայնված խոհրդակցությունների ընթացքում /հարկադիր կատարողների մասնակցությամբ/ տեղի ունեցավ մտքերի անկեղծ փոխանակում, որի ժամանակ ծառայողները ներկայացրեցին մի շարք առաջարկություններ: Դրանց թվում օրենսդրական և կազմակերպչական խնդիրներ:
«Ես ցանկանում եմ, որ ամեն մի ծառայող աչքի ընկնի իր նախաձեռնություններով և առկա խնդիրների հնարավոր լուծման իր տարբերակներով: Կուզենաի, որպեսզի ամեն ծառայողի, այդ թվում հեռավոր մարզերի շարքային ծառայողների կարծիքներն ու գաղափարներն լսելի դառնան ծառայության ղեկավարության համար», - նշեց Մ.Պողոսյանը: Նա տեղեկացրեց, որ ներկայումս պատրաստվում է օրենսդրական առաջարկների փաթեթ, որը միտված կլինի ԴԱՀԿ ծարայության աշխատանքի արդյունավետության բարձրացմանը:
Այսպես, օրինակ, նույնիսկ այս պայմաններում ԴԱՀԿ ծառայության Սյունիքի մարզի բաժինը աչքի է ընկել աննախադեպ կատարողականով: Մարզի բաժնի պետ Արմեն Բաղդագուլյանի ներկայացմամբ 2009 թ. սեպտեմբեր ամսին փաստացի բռնագանձվել է 23 միլիոն դրամ այն դեպքում, երբ 2008 թ. սեպտեմբերին բռնագանձվել է մոտ 4,5 միլիոն դրամ: Ընթացքում գտնվող վարույթների քանակը կազմել է 678 գործ: Գլխավոր հարկադիր կատարողը նշեց նաև, որ ներկայիս ձեռքբերումները հիմք պետք է հանդիսանան ավելի արդյունավետ աշխատանքի համար: