08/10/2009 14:56
Թուրքիան կարող է էքսպանսիայի ենթարկվել Հայաստանի կողմից
«Նորավանք« գիտակրթական հիմնադրամի նախագահ Գագիկ Հարությունյանը
hայ-թուրքական սահմանի բացման դեպքում մի մեծ վտանգ է տեսնում. «Բացումը կարող է և խախտել մեր` առանց այն էլ ոչ այնքան բարձր կազմակերպվածության աստիճանը»:
Միևնույն ժամանակ նա նշեց, որ սահմանները փաստացի բաց են, խոսքը գնում է մի փոքր հատվածի մասին: Ամեն դեպքում, ըստ բանախոսի, տնտեսական փոփոխություններ այնքան էլ չեն սպասվում:
«Եթե կնքնվեն արձանագրությունները, բացվեն սահմանները, մենք երկար ժամանակ չենք զգա, թե ինչ-որ բան փոխվել է: Ես կարծում եմ, գուցե և ինչ-որ ուղղությամբ լիցքաթափում լինի, բայց տարածաշրջանում լարվածությունը կմնա», - ասաց նա:
Հարությունյանը նաև նշեց, որ Թուրքիան կարող է որոշակի էքսպանսիայի ենթարկվել Հայաստանի կողմից, մասնավորապես, գազային ու էլեկտրաէներգիայի ոլորտներում Թուրքիայի սահմանային շրջաններում դա հնարավոր է:
Հայաստանում թուրքական ապրանքների էքսպանսիային էլ բանախոսը չի հավատում, քանի որ վստահում է հայ գործարարներին:
«Ես հուսով եմ, որ մեր, լավ առումով, օլիգարխները թույլ չեն տա թուրքական ապրանքների էքսպանսիա: Այդ առումով ևս հանգիստ եմ», - ասաց նա: