09/10/2009 15:08
«Հայփոստը» շուտով կանցնի on-line ռեժիմի
Մինչև այս տարեվերջ կսկսվեն «Հայփոստի» on-line ռեժիմի անցնելու հետ կապված աշխատանքները: Ինչպես այսօր լրագրողներին հայտնեց «Հայփոստ» ՓԲԸ մամուլի և հասարակայնության հետ կապերի պատասխանատու Գևորգ Աբրահամյանը, դրանից հետո սպասարկման աշխատանքների արագությունը կտրուկ կփոխվի:
«Եվ ծախսատար, և մեծ ջանքեր ու ռեսուրսներ պահանջող աշխատանք է: Թե ե՞րբ կավարտվի, պարզ չի»,- ասաց նա` շեշտելով, որ on-line ռեժիմով կապվելու են, օրինակ, Բերդին և Մեղրին, այլ ոչ միայն Երևանի բաժանմունքները:
Գ. Աբրահամյանը նաև տեղեկացրեց, որ աշխատակիցների վերապատրաստման շատ մեծածավալ ծրագիր կա: Այն ևս կմեկնարկի առաջիկայում. «Փոստի աշխատակիցները հիմնականում երկար տարիներ աշխատած մարդիկ են, և անհրաժեշտություն կա նրանց նոր տեխնիկային, նոր տեխնոլոգիաներին ծանոթացնելու»:
Հիշեցնենք, որ 2006 թ-ին Հայփոստի հավատարմագրային կառավարման պատասխանատվությունը ստանձնել է «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ» ՓԲԸ-ն: Հավատարմագրային կառավարչի նպատակը Հայփոստի գործունեությունն առավել թափանցիկ, արդյունավետ, առևտրային և իր հաճախորդներին հաշվետու դարձնելն է` ինչպես Հայաստանում, այնպես և երկրի սահմաններից դուրս: Արդյունքում նախատեսվում է «Հայփոստ» ՓԲԸ-ն դարձնել միջազգային չափանիշներով փոստային և ֆինանսական ծառայություններ մատուցող փոստային օպերատոր:
Ներկայումս ընկերությունն իր գործունեությունը ծավալում է 900 փոստային բաժանմունքներում, որոնք գործում են ՀՀ բոլոր քաղաքներում և գյուղերում: «Հայփոստն» ունի 3000-ից ավելի աշխատակից: