09/10/2009 15:34
Վարդան Մինասյան. «Անկեղծորեն հավատում եմ լավ արդյունքին»
Այսօր լրագրողների հետ «Ռեժինե» հյուրանոցում կայացած հանդիպման ժամանակ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հայտարարեց, որ չնայած առաջիկա մրցակիցը Եվրոպայի չեմպիոն Իսպանիայի ընտրանին է, միևնույն է, ինքը հավատում է իր թիմի հաջողությանը:
«Եթե ռեալ նայենք, դժվար է,- շեշտեց Վարդան Մինասյանը` պատասխանելով Aysor.am-ի հարցին:- Բայց սա ֆուտբոլ է: Իսպանիայի հավաքականն ավելի բարձրակարգ թիմ է, քան մեր նախորդ մրցակիցը` Բելգիայի ընտրանին: Սակայն բելգիացիները նույնպես հզոր կազմ ունեին, և մենք նրանց հաղթեցինք: Այո, իսպանացիները շատ ուժեղ են մեզնից: Ինձ համար դա աշխարհի թիվ 1 հավաքականն է: Բայց նրանց դեմ էլ կարելի է խաղալ, և ես անկեղծորեն հավատում եմ լավ արդյունքին»:
Իսկ ի՞նչ որակների շնորհիվ Հայաստանի հավաքականը կարող է դրական արդյունք արձանագրել հոկտեմբերի 10-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայանալիք խաղում: Հավաքականի գլխավոր մարզիչը ցանկանում է, որ իր սաները լավ խաղ ցուցադրեն, ագրեսիվ լինեն թե պաշտպանությունում և թե հարձակման գծում:
«Կարևոր է նաև, որ մեր ֆուտբոլիստները չկաշկանդվեն հզոր մրցակցի հետ խաղում: Հատկապես երբ գնդակը մեզ մոտ է, պետք է հանգիստ խաղանք: Շատ մեծ հարգանք ունենք իսպանացիների նկատմամբ, բայց եթե վախենանք, մեզ համար կրկնակի դժվար կլինի: Նաև պետք է կազմակերպված ու շատ կարգապահ խաղանք: Բելգիայի հետ խաղում հաղթանակի հասանք հենց համախմբվածության ու կարգապահության շնորհիվ: Այդպես նաև վաղը պետք է խաղանք»,- նշեց Վարդան Մինասյանը: