12/10/2009 12:08
Սյուզի Կենտիկյանը հաղթել է թրքուհի Ջուլիա Սահինին
Գերմանիայի դրոշի տակ հանդես եկող հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Սյուզի Կենտիկյանը հաջողությամբ պաշտպանել է առաջին թեթևքաշային կարգում WBA-ի և WIBF-ի վարկածներով աշխարհի չեմպիոնուհու կոչումը` գերմանական Ռոստոկ քաղաքում տեղի ունեցած մենամարտում հաղթելով թրքուհի Ջուլիա Սահինին, ով նույնպես Գերմանիայի քաղաքացիություն ունի: Հայ մարզուհին հաղթանակ է տոնել մրցավարների միաձայն որոշմամբ` 98:92, 96:94 և 97:93 հաշվով: Նշենք, որ Սյուզի Կենտիկյանն այս մենամարտի արդյունքում նվաճեց նաև WBO-ի վարկածով չեմպիոնուհու կոչումը:
Ավելացնենք, որ ամբողջ մենամարտի ընթացքում Սյուզին առավելություն ուներ և թելադրում էր մենամարտի ընթացքը: Սահինը որոշել էր շեշտը դնել հակագրոհների վրա` որդեգրելով պաշտպանական մարտավարություն: Նա փակվում էր բլոկով և թույլ չէր տալիս Սյուզիին` հասնելու բացահայտ առավելության: Եվ հենց այդ մարտավարությունը նրան փրկեց նոկաուտից: Իր պրոֆեսիոնալ կարիերայում Սյուզի Կենտիկյանը, այսպիսով, տոնեց 26-րդ հաղթանակը: