12/10/2009 15:39
Նախարար. «Մենք պետք է հպարտանանք, որ ունենք տեղական արտադրանք»
«Այս նախաձեռնությունն իրականացվում է այն պահին, երբ ճգնաժամի հետևանքով կա անհրաժեշտություն էլ ավելի մեծ արտադրություն կազմակերպելու և խթանելու զբաղվածությունը` հատկապես գյուղական վայրերում` գյուղմթերքների և դրանց վերամշակման ոլորտնրում»,- «Գնիր հայկականը» համազգային արշավի վերաբերյալ հայտնեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը:
Հիշեցնենք, որ «Գնիր հայկականը» արշավը, որը մեկնարկելու է նոյեմբերի 1-ից, կազմակերպվում է Հազարամյակի մարտահրավերներ հիմնադրամ (ՀՄՀ) – Հայաստանի և ՀՀ Կառավարության կողմից:
Ն. Երիցյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց նաև, որ Կառավարության քննարկումները ցույց են տալիս, որ «մենք չպետք է միայն գյուղատնտեսության ոլորտով սահմանափակվենք, որովհետև հայկական արտադրանք կա նաև այլ ոլորտներում»: Միևնույն ժամանակ նա նշեց, որ «թերևս սա համագործակցության լավ օրինակ կլինի, որի արդյուքնում մենք կընդլայնենք այս նախաձեռնությունն այլ ոլորտների առումով ևս»:
«Ամեն դեպքում մեր հասարակության մեջ նման միջոցառումները կարևոր են, որովհետև մարդիկ պետք է հպարտանան, որ ունեն տեղական արտադրություն, պետք է հպարտանան, որ իրենք տեղական արտադրություն են սպառում, և դա է ճանապարհը` տեղական արտադրանքը արտահանելի դարձնելու», - ընդգծեց Ն. Երիցյանն ու հավելեց. «Այն փաստը, որ մենք հպարտությամբ մեր կոնյակը մեզ հետ ամբողջ աշխարհում պտտում ենք, օգնում է տարածել կոնյակը և հայթայթել նոր շուկաներ ամբողջ աշխարհում»:
Էկոնոմիկայի նախարարը համազգային այս ակցիան կարևորեց նաև այն առումով, որ այն հիմք է հանդիսանում խոսել խնդիրների վերաբերյալ և ուրվագծել այն ուղիներն ու անելիքները, որոնք պետք է իրականացնի Հայաստանի Հանրապետությունը: