13/10/2009 11:49
ՈՒԵՖԱ-ն հետաքննում է «Բրեդա»-«Գանձասար» խաղը
Մենք արդեն անդրադարձել ենք եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միության կողմից Չեմպիոնների լիգայի և Եվրոպայի լիգայի մի շարք հանդիպումների կասկածելի արդյունքների վերաբերյալ իրականացվող հետաքննության մասին: ՈՒԵՖԱ-ն արդեն հայտարարել է, որ կասկածի տակ են 40 խաղեր, որոնց արդյունքները պայմանավորված են արտաքին ազդեցության գործոնով: Եվրոպական ֆուտբոլային գերատեսչության կողմից ստեղծված հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավար Կառլ Դոնտի խոսքերով` ուսումնասիրվում են վերջին 4 տարիների ընթացքում արձանագրված վիճելի և կասկածելի խաղերը: Խոսքը հիմնականում որակավորման փուլերի հանդիպումների մասին է:
- Ես միայն կարող եմ ասել, որ հետաքննվող հանդիպումների մեծ մասում կասկածները կապված են արևելաեվրոպական ակումբների հետ: Ճիշտ է` նկատելի է, որ պայմանավորված ելքերով խաղեր են տեղի ունեցել նաև Արևմտյան և Հարավային Եվրոպայում,- Դոնտի խոսքերը մեջբերել է ուկրաինական «Տերրիկոնը»: Այժմ ուսումնասիրվում է հոլանդական «Բրեդայի» և հայկական «Գանձասարի» միջև Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին հանդիպումը (այդ խաղում հոլանդացիները հաղթեցին 6:0 հաշվով-խմբ.): Ես կարծում եմ, որ մինչև նոյեմբեր մենք բավարար թվով ապացույցներ կհավաքենք, որպեսզի ներկայացնենք հանրությանը: Հաջողությամբ համագործակցում ենք նաև ազգային շատ ասոցիացիաների հետ: Վերջիններս օգնում են մեզ պայքարել ֆուտբոլում կոռուպցիայի դեմ»: