13/10/2009 17:13
Էրդողան. «Սարգսյանին կդիմավորենք մեզ հատուկ հյուրասիրությամբ»
«Թուրք ժողովուրդը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին կդիմավորի և կուղեկցի իրեն հատուկ հյուրասիրությամբ»,- «SNN Turk» հեռուստաալիքի եթերում այսօր հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: «Սարգսյանին և մյուսներին մենք կդիմավորենք և կուղեկցենք թուրքական հյուրընկալության ոգուն համապատասխան»,- ավելացրել է նա:
Էրդողանը նաև վստահություն է հայտնել, որ Թուրքիա-Հայաստան ֆուտբոլային հանդիպման ժամանակ թուրք հասարակությունը կցուցադրի այնպիսի վարքագիծ, որը հատուկ է մեծ տերություններին:
«Իհարկե, կլինեն նաև այնպիսիք, ովքեր կառաջնորդվեն սեփական քաղաքական հետաքրքրություններով, սակայն ես հավատում եմ, որ Բուրսայի բնակիչները կմերժեն նման մոտեցումները»,- ասել է Էրդողանը:
Թուրքիայի վարչապետը համոզված է նաև, որ վաղը կայանալիք Թուրքիա-Հայաստան հանդիպումն իր ներդրումը կունենա երկու երկրների հարաբերությունների կարգավորման գործում: