13/10/2009 17:32
Ռուբեն Հայրապետյան. «Թող հաղթի ուժեղագույնը»
Այսօր Բուրսայում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը հանդիպել է զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ: Անդրադառնալով Թուրքիայի ընտրանու հետ խաղում մեր թիմի հնարավորություններին` Ռուբեն Հայրապետյանը, ըստ թուրքական լրատվամիջոցների, հայտարարել է, որ, իր կարծիքով, խաղադաշտում հավասար պայքար կծավալվի: «Ես հույս ունեմ, որ խաղադաշտում հավասար պայքար կընթանա: Ըստ իս` երկու թիմերն էլ որակյալ ֆուտբոլ կցուցադրեն և ուրախության զգացումով կվերադառնան տուն: Թող հաղթի ուժեղագույնը»,- ասել է նա:
Թուրք լրագրողներին հետաքրքրել է նաև, թե, ըստ Ռուբեն Հայրապետյանի, Թուրքիայի հավաքականին ինչու չի հաջողվել մտնել աշխարհի 2010 թ. առաջնության եզրափակիչ փուլ:
«Այդ հարցին պետք է պատասխանի Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիան, այլ ոչ թե ես: Թուրքական ֆուտբոլի ղեկավարները պետք է պարզեն, թե որոնք են պատճառները: Իհարկե, տհաճ է, որ այնպիսի լավ թիմը, ինչպիսին Թուրքիայի ընտրանին է, հայտնվել է այսպիսի վիճակում: Անհերքելի է, որ այդ թիմը լավ խաղ է ցուցադրում»,- հայտարարել է ՀՖՖ նախագահը: