13/10/2009 14:02
Հայ ֆուտբոլիստները Թուրքիա են ժամանել հաղթանակի համար
Հայաստանի ֆուտբոլի ազգային և երիտասարդական հավաքականներն արդեն մեկնել են Թուրքիա և նախապատրաստվում են այդ երկրի ընտրանիների հետ առաջիկա հանդիպումներին: Մինչև 21 տարեկանների թիմն այսօր Էսկիշեհիրում կմրցակցի Թուրքիայի հասակակիցների հետ, իսկ վաղը Բուրսայում տեղի կունենա աշխարհի առաջնության ընտրական փուլի վերջին` Թուրքիա-Հայաստան հանդիպումը: Խաղին մարզադաշտում կհետևի նաև Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը, ով ընդունել է իր թուրք գործընկերոջ հրավերը և վաղն առավոտյան կմեկնի Բուրսա:
Հայաստանի ազգային հավաքականը մրցավայր է ժամանել այն նույն կազմով, որով նախապատրաստվում էր Իսպանիայի ընտրանու դեմ երևանյան հանդիպմանը: Բացառություն է միայն Հենրիխ Մխիթարյանը, ով որակազրկման պատճառով չի մասնակցել իսպանացիների հետ խաղին, բայց հոկտեմբերի 14-ին, անկասկած, կմտնի խաղադաշտ:
Ավելացնենք, որ Հայաստանի հավաքականում ընդգրկված բոլոր ֆուտբոլիստներն էլ լավատեսորեն են տրամադրված և Թուրքիա են ժամանել միայն հաղթելու համար: Թուրքական լրատվամիջոցների ներկայացուցիչներին տված հարցազրույցներում նրանք չեն թաքցնում իրենց մտադրությունները, և այս վստահությունը, անշուշտ, վերջին հանդիպումներում Հայաստանի հավաքականի լավ ելույթների արդյունքն է: