13/10/2009 16:06
«Թուրքիա-Հայաստան հանդիպումը պատմական է»
Հոկտեմբերի 14-ին Բուրսայի «Աթաթուրք» մարզադաշտում Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն աշխարհի 2010 թ. առաջնության ընտրական փուլի վերջին հանդիպումը կանցկացնի Թուրքիայի ընտրանու հետ: Թուրքական լրատվամիջոցներն արդեն հասցրել են այն պատմական որակել: Մասնավորապես` «Ջումհուրիեթը» գրում է, որ այդ պատմական իրադարձությունը շատ կարևոր նշանակություն ունի ապագայի համար: Երկու երկրների ազգային թիմերն առայժմ ընդամենը մեկ անգամ են հանդիպել: Այդ խաղում, որը տեղի է ունեցել 2008 թ. սեպտեմբերի 6-ին, Երևանում, Թուրքիայի ընտրանին 2:0 հաշվով առավելության է հասել մեր թիմի նկատմամբ: Իսկ Թուրքիայում այդ երկրի ու Հայաստանի ընտրանիները հոկտեմբերի 14-ին կհանդիպեն առաջին անգամ:
Ավելացնենք, որ Թուրքիայի հավաքականը 7-րդ անգամ է հանդես գալու Բուրսայի մարզադաշտում: Նախորդ 6 հանդիպումներում այդ թիմը 2 հաղթանակ է տոնել, արձանագրել 2 ոչ-ոքի և 2-ում պարտվել: Այլ կերպ ասած` մեր հավաքականի հետ հանդիպումը կխախտի առկա հավասարակշռությունը, անկախ հանդիպման ելքից: Բայց մենք, իհարկե, հույս ունենք, որ Հայաստանի ազգային թիմը կկարողանա պարտության մատնել ոչ լավ օրեր ապրող թուրքական ընտրանուն: Այդ թիմի ֆուտբոլիստները ոչ միայն կորցրել են աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ մտնելու հնարավորությունները, այլև իրենց մարզչին և հայտնվել են հոգեբանական ճգնաժամում: Մոտիվացիայի բացակայությունը և հոգեբանական խնդիրները, անշուշտ, իրենց հետքը կթողնեն խաղադաշտում ծավալվող իրադարձությունների ընթացքի վրա: Ուզում ենք հավատալ, որ մեր ֆուտբոլիստները խելացիորեն կօգտվեն մրցակցի ճամբարում առկա իրավիճակից: