14/10/2009 09:31
ՀՀ Նախագահը կմեկնի Թուրքիա` դիտելու ֆուտբոլային հանդիպումը
Այսօր Թուրքիայի Հանրապետության Նախագահ Աբդուլլահ Գյուլի հրավերով Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը կայցելի Թուրքիա: Նախագահը ներկա կգտնվի Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հանդիպմանը, որը տեղի կունենա թուրքական Բուրսա քաղաքում` աշխարհի 2010 թ. առաջնության ընտրական փուլի շրջանակներում:
Նշենք, որ սա ՀՀ Նախագահի առաջին այցն է Թուրքիա:
Երկու երկրների ղեկավարները նաև հնարավորություն կունենան քննարկելու մի շարք հարցեր` Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների զարգացման վերաբերյալ:
Սպասվում է նաև երկու երկրների առաջնորդների համատեղ մամլո-ասուլիսը, որտեղ ներկա կգտնվեն նաև հայաստանյան լրագրողները: Ֆուտբոլային հանդիպումը, ինչպես նաև Սերժ Սարգսյանի և Աբդուլլահ Գյուլի համատեղ մամլո ասուլիսը Թուրքիայից կլուսաբանի նաև Aysor.am-ի թղթակիցը:
Բացի հայաստանյան լրագրողներից, 92 լրագրողներ են հավատարմագրվել` Գերմանիայից, Ֆրանսիայից, Դանիայից, ԱՄՆ-ից, Ադրբեջանից, Իտալիայից և շատ այլ երկրներից: Իսկ թուրքական լրատվամիջոցներից հանդիպումը լուսաբանելու նպատակով հավատարմագրվել են մոտ 200 լրագրողներ:
Ինչպես վստահեցրել են թուրքական իշխանությունները, Թուրքիայի ոստիկանությունը անվտանգության հատուկ միջոցառումներ է իրականացնում` հնարավոր սադրանքները բացառելու նպատակով: