14/10/2009 19:48
«Զաման» թերթի լրագրողը ցանկանում է լինել Հայաստանում
«Զաման» թերթի լրագրող Դիլեկ Հայրիլին Aysor-ի հետ զրույցում ասաց, որ լրագրողներն ու հասարակ մարդիկ իրար հետ խնդիրներ չունեն, խնդիրները ստեղծում են քաղաքական գործիչները:
«Թուրքիայում ապրող շատ հայեր կան, մենք իրար դեմ բան չունենք: Ես ուրախ եմ, որ շատ հայ ընկերներ ունեմ: Երբ նրանց հետ խոսում եմ, շատ բան եմ հասկանում, հասկանում եմ, որ մենք բնավ խնդիր չունենք»,- նշեց Հայրիլին:
Նրա համոզմամբ` երկու կողմի համար էլ շատ կարևոր է հարաբերությունների զարգացումը, սակայն լրագրողի խոսքերով, ազգայնականները դեմ են հարաբերությունների կարգավորմանը:
«Թուրքիայի փողոցներում երբ պտտվում ես, տեսնում ես, թե որքան հայեր կան ու երկար տարիներ ապրում ենք կողք կողքի: Չեմ հասկանում, թե ինչու՞ են ազգայնականները խառնվում գործին»,- նշեց լրագրողը, ով ծիծաղով պատասխանեց իր հարցին, թե ազգայնականները հասարակության անդամներ չե՞ն:
Ամեն դեպքում Դիլեկ Հայրիլին ուրախ կլիներ այցելել Հայաստան, հույս ունի, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումից հետո նրան կընձեռնվի այդ հնարավորությունը:
«Լրագրողների և մարդկանց միջև շփումները շատ կարևոր են: Երկու երկրների դռները պետք է բացվեն, բայց ամեն անգամ երբ մի լավ բան է լինում, նորից ազգայնականներն ու քաղաքական գործիչները սկսում են խոսել Ղարաբաղի ու Ադրբեջանի մասին, և հաշվի չեն առնում մարդկանց կարծիքը: Այդտեղ էլ գործընթացը կանգ է առնում»,- ասաց թուրք լրագրողը:
Հայրիլին նաև մեծ ցանկություն ունի, որ թեև խոսվում է Ղարաբաղի մասին, բայց քաղաքական գործիչները կկարողանան այնպիսի որոշում կայացնել, որ հայերի ու թուրքերի միջև լավ հարաբերություններ հաստատվեն, իսկ Ղարաբաղը և Ադրբեջանը չնեղանան Թուրիքայից և Հայաստանից: Մյուս կողմից էլ նա սպասում է, որ հայ-թուրքական սահմանի բացումը չի առաջնորդվի որևէ նախապայմանով:
Ինչ վերաբերում է ֆուտբոլային դիվանագիտությանը, Հայրիլին ասաց, որ պետք չէ ֆուտբոլիստներին խառնել քաղաքականությանը, որ խաղը մնում է խաղ, իսկ քաղաքականությունը` քաղաքականություն: