14/10/2009 11:19
Վարդան Մինասյան. «Լիովին վստահում եմ իմ երկրի նախագահին»
Թուրքիայի հավաքականի հետ հանդիպումից առաջ Բուրսայի «Holiday Inn» հյուրանոցում տեղի ունեցած մամուլի ասուլիսում Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը իր կարծիքն է հայտնել` կապված այսօր կայանալիք Թուրքիա-Հայաստան հանդիպման հետ:
«Ես թուրքական կողմի հանդեպ առարկություններ չունեմ, քանի որ մեզ Բուրսայում շատ լավ են ընդունել: Կարծում եմ, որ խաղը կընթանա հիանալի մթնոլորտում, և երկու թիմերն էլ կկարողանան գեղեցիկ ու որակյալ ֆուտբոլ ցուցադրել», ասել է Մինասյանը:
Խոսելով խաղի քաղաքական ենթատեքստի մասին` գլխավոր մարզիչը հայտարարել է, որ ինքը քաղաքականությունից ոչինչ չի հասկանում: Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններում նկատվող տեղաշարժերի և Հայաստանի ու Թուրքիայի արտգործնախարարների ստորագրած արձանագրությունների թեմային` նա նշել է. «Ես քաղաքականությունից բան չեմ հասկանում, բայց, որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, լիովին վստահում եմ իմ երկրի նախագահ Սերժ Սարգսյանին»:
Թուրք լրագրողներից մեկը Վարդան Մինասյանի հարցրել է` արդյոք կընդունե՞ր թուրքական որևէ ակումբի առաջարկ` աշխատելու գլխավոր մարզչի կարգավիճակում: Վարդան Մինասյանը պատասխանել է, որ մարզչական կարիերայի շարունակման նման հեռանկարի մասին ինքը չի մտածել, բայց նաև իր զարմանքն է արտահայտել, որ Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ֆաթիհ Թերիմը հրաժարական է տվել:
«Թերիմը շատ բան է արել թուրքական ֆուտբոլի համար, և ես, իրոք, շատ եմ ափսոսում, որ նա հեռանում է: Ինչ կարող ես անել, մարզչի ճակատագիրն է այդպիսին, այսօր մի թիմում է, վաղը` մյուս: Անշուշտ, չէի սպասում, որ Թուրքիան չի կարողանա հաղթահարել ընտրական փուլի արգելքը և մտնել աշխարհի առաջնության եզրափակիչ: Ինձ համար դա մեծ անակնկալ է»,- ընդգծել է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչը: