14/10/2009 11:29
Թերիմի հրաժեշտի խաղը
Ֆաթիհ Թերիմն իր կարիերայի ընթացքում ստիպված է երկրորդ անգամ հեռանալ Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից: Դա տեղի կունենա աշխարհի 2010 թ. առաջնության ընտրական փուլի շրջանակներում այսօր կայանալիք վերջին տուրում Հայաստանի հավաքականի հետ հանդիպումից հետո: Այդ խաղը, իհարկե, թուրքերի համար մրցաշարային որևէ նշանակություն չունի, քանի որ նրանք արդեն կորցրել են Հարավաֆրիկյան Հանրապետություն մեկնելու բոլոր հնարավորությունները:
«Միջազգային ասպարեզում մեր ֆուտբոլը նշանակալից արդյունքների է հասել, սակայն հաջողությունները կայուն չեն,- հայտարարել է Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Մահմուդ Օզգեները, ով արդեն ընդունել է 56-ամյա մասնագետի հրաժարականը:- Բայց մենք մտադիր ենք հաղթահարել առկա դժվարությունները: Հարգում ենք Թերիմի որոշումը և երախտապարտ ենք նրան կատարած աշխատանքի համար»:
Թերիմը, ինչպես արդեն նշել ենք, 1992-1996 թթ. ժամանակահատվածում արդեն գլխավորել է Թուրքիայի ընտրանին: Այն ժամանակ նա հրաժարական տվեց «Եվրո-1996»-ից հետո, քանի որ նրա թիմը խմբային փուլի բոլոր երեք հանդիպումներում էլ պարտություններ կրեց: Նա երկրի գլխավոր թիմի գլխավոր մարզչի պարտականությունները կրկին ստանձնեց 2005 թ., և նրա ղեկավարությամբ Թուրքիայի հավաքականը հաջողությամբ հանդես եկավ Եվրոպայի 2008 թ. առաջնության ընտրական փուլում, իսկ «Եվրո-2008»-ում սենսացիա արձանագրեց` հասնելով կիսաեզրափակիչ:
Ընթացիկ ընտրական փուլում Թուրքիայի ազգային ընտրանին վաստակել է ընդամենը 12 միավոր` զրկվելով հասնել ինչպես ժամկետից շուտ աշխարհի առաջնության ուղեգրին տիրացած Իսպանիայի թիմին, այնպես էլ Բոսնիա և Հերցեգովինայի ընտրանուն:
Հարավաֆրիկյան Հանրապետություն մեկնելու բոլոր հույսերն ի չիք դարձան հոկտեմբերի 10-ին տեղի ունեցած խաղից հետո, որում թուրքերը 0:2 հաշվով զիջեցին բելգիացիներին: Իսկ այսօր Թուրքիայի հավաքականը կանցկացնի վերջին հանդիպումը` Բուրսայում մրցակցելով Հայաստանի ազգային թիմի հետ: