14/10/2009 11:25
Հայաստանի երիտասարդական ընտրանին զիջեց Թուրքիայի թիմին
Երեկ թուրքական Էսկիշեհիր քաղաքում Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականը Եվրոպայի առաջնության ընտրական փուլի շրջանակներում հերթական հանդիպումն անցկացրեց այդ երկրի հասակակիցների հետ:
Ողջ հանդիպման ընթացքում մեր թիմը հավասար պայքար մղեց ուժեղ մրցակցի դեմ, սակայն, ցավոք, մրցավարի կողմից փոխհատուցված ժամանակում գնդակ բաց թողեց և պարտվեց 0:1 հաշվով: 94-րդ րոպեին հաղթական գնդակը խփեց Այդին Յլմազը:
Այսպիսով` Հայաստանի հավաքականն անցկացրած 4 հանդիպումներում էլ պարտություններ է կրել և 0 միավորով եզրափակում է ընտրական խմբի մրցաշարային աղյուսակը» Այն գլխավորում է Շվեյցարիայի ընտրանին, որը 5 խաղում 10 միավոր ունի:
Թուրքիայի հավաքականը 9 միավորով երկրորդ հորիզոնականում է, սակայն, ի տարբերություն շվեյցարացիների, մեկ հանդիպում պակաս է անցկացրել և այն հաղթանակով ավարտելու դեպքում կարող է շրջանցել Շվեյցարիայի թիմին: Էստոնացիները 4 խաղում վաստակել են 7 միավոր: Վրաստանի մինչև 21 տարեկանների թիմն ընդամենը 3 հանդիպում է անցկացրել և իր ակտիվում 4 միավոր ունի: Իռլանդիայի երիտասարդական ընտրանին 4 խաղից 3-ում ոչ-ոքիներ է արձանագրել և 3 միավորով ընթանում է նախավերջին տեղում: