15/10/2009 15:18
Ռուբեն Հայրապետյանն առայժմ չի մտածում արտասահմանցի մարզչի մասին
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանն աշխարհի ֆուտբոլի 2010 թ. առաջնության ընտրական փուլի վերջին` Թուրքիայի հավաքականի հետ խաղից հետո հայտարարել է, որ Վարդան Մինասյանին չի մեղադրում պարտության մեջ, քանի որ ֆուտբոլիստները շատ լուրջ ճնշման են ենթարկվել տրիբունաների կողմից: Նա նշել է նաև, որ ընդհանուր տպավորություններն այդ ֆոնի վրա այնքան էլ վատ չեն` ավելացնելով, որ Իսպանիայի ընտրանու հետ հանդիպումից հետո հայ ֆուտբոլիստները չեն հասցրել լիովին վերականգնվել:
Վերականգնման խնդրի լուծումը, իհարկե, ֆեդերացիայի նախագահի պարտականությունը չէ, այլ թիմի գլխավոր մարզչինը, ով Իսպանիայի հավաքականի հետ հանդիպումից հետա կայացած մամուլի ասուլիսում հայտարարեց, որ ֆիզիկապես ֆուտբոլիստները լավ են պատրաստված և կհասցնեն լավ մարզավիճակում ներկայանալ թուրքերի հետ խաղին:
Ռուբեն Հայրապետյանը, ինչպես տեղեկացնում է sports.ru կայքը, խոսել է նաև թիմը արտասահմանցի մարզչով համալրելու մասին: Նա նշել է, որ մեզ առաջին հերթին որակյալ ֆուտբոլիստներ են պետք, քանի որ «Շումախերը «Զապորոժեցի» ղեկին չի կարող մրցակցել «Ֆերրարիի» հետ»: Բայց նա վստահ է նաև, որ հավաքականը սերնդափոխության արդյունքում կկարողանա ավելի հասուն և գրագետ ֆուտբոլ ցուցադրել:
Ինչ-որ առումով ֆեդերացիայի նախագահը, իհարկե, ճիշտ է մտածում, սակայն չի անդրադառնում խաղի ամենակարևոր բաղադրիչներից մեկին` մարտավարությանը, որի մշակումը գլխավոր մարզչի պարտականությունն է: Բացի այդ, ֆուտբոլիստները կայանում են մարզիչների կատարած աշխատանքի շնորհիվ, ձեռք բերում թիմային ոգի, խաղային փիլիսոփայություն: Մեր կարծիքով` այսօր նույնիսկ տաղանդավոր անհատները ֆուտբոլում առանց թիմային խաղի ոչինչ չեն կարողանա անել: