16/10/2009 10:15
Որտե՞ղ և ինչու՞ է կորում էլեկտրաէներգիան Հայաստանում
2009 թ. սեպտեմբեր ամսին մեր երկրում էլեկտրաէներգիայի կորուստները կազմել են մոտ 11.6 %, իսկ 9 ամսվա կտրվածքով` 13.6 % (մինչև 760 մլն կՎտ.ժամ): Ինչպես Aysor-ին հայտնեց «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ իրացման փոխտնօրեն Արսեն Գաբրիելյանը, ըստ վերլուծությունների արդյունքների` առավել մեծ կորուստներն առաջանում են հիմնականում խիտ բնակեցված մասնավոր սեկտորներում, առավել վատթար տեխնիկական վիճակ ունեցող տարածքներում և հնացած հաշվիչներով հաշվառում իրականացվող բաժանորդների շրջանում:
Փոխտնօրենի հավաստմամբ, կորուստների նվազեցման նպատակով իրականացվում են մի շարք միջոցառումներ` արդիական, առավել մեծ ճշտության դաս ունեցող էլեկտրոնային բազմասակագնային հաշվիչների տեղադրում, հաշվառման ավտոմատացված համակարգերի ներդրում 0.4 կՎ ցանցում, առավել վատթար տեխնիկական վիճակ ունեցող տարածքների վերակառուցում, վարչա-կազմակերպչական միջոցառումների իրականացում, խրախուսման մեխանիզմների կիրառում, համակարգը բանիմաց կադրերով համալրում: Առևտրային հաշվառման համակարգի բարելավմանն (որով և պայմանավորված է կորուստների նվազումը) ընկերությունն այս տարի ուղղել է 750 մլն դրամ, մինչև տարվա վերջ կհատկացվի ևս 1 մլրդ դրամ:
«Ներկայիս դրությամբ փաստացի կորուստների չափը համապատասխանում է ցանցի տեխնիկական վիճակին, իսկ այն նորմավորված տեխնիկական և չափագիտական կորուստներին հասցնելու համար անհրաժեշտ են լրացուցիչ ներդրումներ, ցանցի տեխնիկական վիճակը բարելավելու և հաշվառումն ավելի արդիական և ավտոմատացված դարձնելու համար», - նշեց Ա. Գաբրիելյանը:
Մինչդեռ «Էներգետիկների համահայկական ասոցիացիա» իրավաբանական անձանց միության նախագահ Սլավիկ Սարգսյանը մեզ հետ զրույցում կարծիք հայտնեց, թե Հայաստանի էներգետիկ համակարգը ներկայումս գտնվում է պայթունավտանգ վիճակում. ամենուր հնացած սարքավորումներ են, մշտապես խափանումներ ու անջատումներ են լինում, գյուղերում վիճակն էլ ավելի վատ է, բացի նոր կառուցված ենթակայաններից, իսկ ամորտիզացիոն միջոցներ շատ քիչ են հատկացվում:
Միության նախագահի գնահատականով, ներկայումս էներգետիկ համակարգի կորուստներն ահռելի են և միայն 1 ժամում կազմում են 2 մլն 100 հզ. կՎտ (պաշտոնական նշվող 760 մլն կՎտ.ժամ-ի փոխարեն):
«Դա նշանակում է, որ ամսական կորուստների արժեքը կազմում է 1.5 մլրդ դրամ», - ասաց Սլավիկ Սարգսյանը:
«Եթե ընդունենք, որ այդ ցուցանիշը արհեստական է, և իրականում կորուստները 500 մլն դրամ են կազմում, ընդ որում դա էլ կարելի է կրճատել մինչև 50-100 մլն, ապա ի՞նչ է լինում այդ 1 մլրդ դրամը», - հարցրեց «Էներգետիկների համահայկական ասոցիացիա» իրավաբանական անձանց միության նախագահը:
Նրա հավաստմամբ, ասօր էլեկտրացանցում էներգետիկ որակյալ մասնագետները շատ քիչ են, անվտանգության պահանջներն էլ խիստ անկում են ապրել:
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ներդրումային ծրագրերի բաժնի պետ Աբգար Բուդաղյանը Aysor-ին տեղեկացրեց, որ 2009 թ. սպառողներին առաքվող էլեկտրաէներգիայի գործող սակագներում հաշվի է առնվել կորուստների 13% մակարդակը, քանի որ նման նախապայման է նախատեսված ընկերության մասնավորեցման պայմանագրում: Փաստացի և իրական կորուստների մակարդակի տարբերությունը, որքան էլ այն կազմի, ընկերության վնասներն են և փոխհատուցվում են «ՀԷՑ»-ի շահույթի հաշվին:
Ա.Բուդաղյանը հայտնեց նաև, որ բաշխիչ ցանցերի համար այս պահին կորուստների առավել ցածր մակարդակ նախանշված չէ, սակայն ՀԾԿՀ-ն աշխատանքներ է տանում այդ ուղղությամբ: