16/10/2009 11:01
Հայաստան-Ուկրաինա` 70 երկկողմ համաձայնագիր + 2
«Ուրախ եմ, որ երկարատև ընդմիջումից հետո` 2004 թ-ից ի վեր, մենք վերաջապես հանդիպեցինք: Համոզված եմ, որ համագործակցության այս ձևաչափը թույլ կտա գործնական, սկզբունքային, բայցև բարեկամական ու անմիջական մթնոլորտում լուծումներ գտնել երկկողմ համագործակցության այն բոլոր խնդիրների մասով, որոնք կուտակվել են այս տարիների ընթացքում», - այս մասին այսօր Հայ-ուկրաինական միջկառավարական հանձնաժողովի չորրորդ համատեղ նիստի բացման ժամանակ հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը` ողջունելով գործընկերներին:
Նախարարը գոհունակությամբ նշեց, որ միջկառավարական հանձնաժողովի գործունեության ընթացքում կողմերը հասել են որոշակի արդյունքների, հատկապես իրավապայմանագրային բարենպաստ դաշտի ստեղծման ուղղությամբ` ստորագրելով ավելի քան 70 երկկողմ համաձայնագրեր:
Ն. Երիցյանը միաժամանակ նշեց, որ այսօր դրանց կավելանան ևս երկու միջգերատեսչական փաստաթղթեր` սպորտի և երիտասարդության քաղաքականության և մաքսային վիճակագրական տեղեկատվության փոխանակման ոլորտում համագործակցության մասին համաձայանգրերը, որոնք նախատեսվում է ստորագրել այս նիստի շրջանակներում:
ՀՀ էկոնոմիկայի նախարարը հատուկ ուշադրության արժանացրեց Զարգացման հայկական գործակալության առաջարկը` Ուկրաինայի տարածքում հայկական ապրանքների մշտական գործող տաղավար ստեղծելու մասին, ինչպես նաև կարծիք հայտնեց, որ Ուկրաինայի համապատասխան կազմակերպությունների կողմից կլինի պատասխան առաջարկ` Հայաստանի տարածքում ստեղծել ուկրաինական ապրանքների մշտական գործող տաղավար:
Ներսես Երցյանը նաև համոզմունք հայտնեց, որ տնտեսական համագործակցության հարցերով հայ-ուկրաինական միջկառավարական հանձնաժողովի չորրորդ համատեղ նիստը զգալիորեն կխթանի Հայաստանի և Ուկրաինայի միջև համակողմանի կապերը` գործարար, մշակութային, գիտական և այլ:
Նշենք, որ 1991-2009 թթ. առաջին կիսամյակի ժամանակահատվածում Ուկրաինայից Հայաստան կատարած ընդհանուր ներդրումների ծավալը կազմել է շուրջ 4.5 մլն դոլար, այդ թվում` 3.8 մլն դոլար ուղղակի ներդրում: 2009 թ. հունվարի 1-ի դրությամբ Հայաստանում գրանցված են ուկրաինական կապիտալի մասնակցությամբ 65 ձեռնարկություններ: