16/10/2009 10:40
Հայաստանը և Ուկրաինան զարգացնում են համագործակցությունը
Այսօր Երևանում ընթանում է հայ-ուկրաինական միջկառավարական հանձնաժողովի չորրորդ համատեղ նիստը: Միջկառավարական հանձնաժողովի համանախագահներն են. հայկական կողմից` ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը, ուկրաինական կողմից` Ուկրաինայի արդյունաբերական քաղաքականության նախարար Վլադիմիր Նովիցկին:
Ինչպես լրագրողներին հայտնեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը, թեև միջկառավարական հանձնաժողովի վերջին նիստը կայացել էր 2004 թ. մայիսին Կիևում, սակայն կա երկու կողմերի ցանկությունը` զարգացնել համագործակցությունը:
Նիստում քննարկվող հարցերի շրջանակն ընդգրկում է Հայաստանի և Ուկրաինայի միջև առևտրատնտեսական համագործակցության զարգացման, մշակույթի, գիտության և կրթության, տեղեկատվական տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, առողջապահության և այլ փոխշահավետ ոլորտներում երկկողմ համագործակցությանը, ինչպես նաև Հայաստանի և Ուկրաինայի միջև միջմարզային կապերի խորացմանն առնչվող խնդիրներ:
Տնտեսական համագործակցության հարցերով հայ-ուկրաինական միջկառավարական հանձնաժողովի համատեղ նիստի արդյունքում նախատեսվում է Հայ-ուկրաինական միջկառավարական հանձնաժողովի չորրորդ համատեղ նիստի Արձանագրության, «ՀՀ ԿԱ Պետական եկամուտների կոմիտեի և Ուկրաինայի պետական մաքսային ծառայության միջև մաքսային վիճակագրության տեղեկատվության փոխանակման հարցերով փոխգործակցության կարգի մասին» Արձանագրության և «Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության և և Ուկրաինայի ընտանիքի, երիտասարդության և սպորտի հարցերի նախարարության միջև երիտասարդական քաղաքականության ոլորտում համագործակցության մասին» Հուշագրի ստորագրումը: