16/10/2009 13:39
Արցախի ո՞ր հուշարձաններն են ադրբեջանական
Վերջերս Իսլամական երկրների կոնֆերանսում հնչել են տարբեր զեկույցներ, որոնցում ասվել է նաև այն մասին, թե իբր Հայաստանը Ադրբեջանի «օկուպացված տարածքներում ոչնչացնում է համաշխարհային մշակույթի հուշարձաններ»: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող» հասարակական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի ղեկավար Սամվել Կարապետյանը պարզաբենց, թե խոսքը որ «ադրբեջանական» հուշարձանների մասին է:
«Կովկասյան թաթարների, որոնք այժմ իրենց կոչում են ադրբեջանցիներ, հուշարձաններից ամենահինը Աղդամ քաղաքի մզկիթն է` կառուցված 1868-1870 թթ ընթացքում», - հայտնեց Ս. Կարապետյանը` նշելով, որ չնայած այս փաստին, Խորհրդային Միության տարիներին ադրբեջանցիներն իրենց ուսումնասիրությունների արդյունքում Արցախի տարածքում գտնվող բոլոր մահմեդական հուշարձաններն ադրբեջանական են որակել:
Ս. Կարապետյանի հաղորդած տվյալների համաձայն` Արցախի տարածքում մահմեդական հուշարձանները սկիզբ են առնում 14-րդ դարի սկզբերից` ի դեմս թուրքմենական ցեղերից մեզ ավանդված հուշարձանների: Դրանցում չկան մզկիթներ, այլ բացառապես գերեզմանական հուշարձաններ են` առավելագույնը դամբարանների տեսքով:
«Այս դամբարանները հայ ճարտարապետության հուշարձաններ են: Եվ նույնիսկ տարբեր արտասահմանյան երկրների մասնագետներ գտնում են, որ այս հուշարձանների ճարտարապետն է Եղվարդի Սուրբ Աստվածածին եռահարկ եկեղեցու կառուցող Շահիկ վարպետը», - ընդգծեց Ս. Կարապետյանը:
Որպես օրինակ ճարտարագետը ներկայացրեց Խաչեն գետի աջ ափին գտնվող մի դամբարան, որն իր պատկերագրությամբ, քանդակներով և նույնիսկ զարդաքանդակների մեջ խաչերի պատկերումներով հայկական ճարտարապետությանն է պատկանում:
Նա նշեց, որ Արցախի տարածքում կան ևս մի քանի հուշարձաններ` դարձյալ թուրքմեն ցեղերից ժառանգված, որոնց պատվիրատուն, հավանաբար, եղել են մահմեդական շեյխերը, բայց կառուցողները` բացառապես հայերը:
Արցախի տարածքում կառուցված մահմեդական հուշարձանների հաջորդ շրջանը, ըստ ուսումնասիրողի, պարսկական շրջանն է: Արցախի տարածքում կան 16-18-րդ դարերի մահմեդական հուշարձաններ, որոնք բացի դամբարանական կոթողներից, նաև մզկիթներ են, և դրանք ևս պարսկական հուշարձաններ են: Սրանից հետո է միայն գալիս Կովկասյան թաթարների ժամանակաշրջանը:
Ս. Կարապետյանը նշեց մի հետաքրքիր փաստ ևս, որ մինչ 1950 թ.-ն ընկած ժամանակաշրջանում Արցախի տարածքում կան տապանաքարեր, որոնց մակագրությունները դեռևս ռուսատառ ադրբեջաներեն չեն, այլ արաբատառ արաբերեն: