16/10/2009 12:51
Զավեն Անդրիասյանը հաղթեց Սանկտ Պետերբուրգի մրցաշարում
Սանկտ Պետերբուրգում ավարտվեց Չիգորինի արագ շախմատի հուշամրցաշարը: Հայ շախմատիստ Զավեն Անդրիասյանն այդ մրցաշարում անցկացրած 11 պարտիայում վաստակեց 9,5 միավոր և նվաճեց հաղթողի կոչումը: Մոտակա հետապնդողները նրանից հետ մնացին մեկ միավորով:
Հայաստանը Սանկտ Պետերբուրգում ներկայացնում էին նաև մի քանի այլ շախմատիստներ: Նրանց թվում լավագույն արդյունքն արձանագրել է Հրանտ Մելքումյանը` 7,5 միավորով հաստատվելով 14-րդ հորիզոնականում: Լևոն Բաբուջյանն ու Հրայր Սիմոնյանն իրենց ակտիվում 6,5 միավոր ունեն և հաստատվել են չորրորդ տասնյակում: Ռոբերտ Հովհաննիսյանը վաստակել է 6, Վարդան Խոջոյանն ու Վարդգես Թովմասյանը` 5,5-ական, Սուրեն Պողոսյանն ու Սարգիս Մանուկյանը` 4,5-ական միավոր: