17/10/2009 14:55
ՀԲ կառավարիչ-տնօրենը գտնվում է Արագածոտնում
Այսօր տարածաշրջանային այցի շրջանակներում Հայաստան է ժամանել Համաշխարհային բանկի կառավարիչ-տնօրեն Նգոզի Օկոնջո-Իվիլան: Նրա այցի նպատակն է հարավկովկասյան երկրների կառավարությունների, զարգացման գծով գործընկերների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ քննարկել ֆինանսական ճգնաժամի ազդեցությունը Հարավային Կովկասում, գտնել ճգնաժամի հետևանքները մեղմելու և կայուն տնտեսական աճ ապահովելու ուղիներ:
Հայաստանում, Վրաստանում և Ադրբեջանում Ն.Օկոնջա-Իվիլան հանդիպումներ կունենա պետությունների և կառավարությունների ղեկավարների, քաղաքացիական հասարակության և մասնավոր հատվածի ներկայացուցիչների հետ, կծանոթանա Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող ծրագրերի ընթացքին:
Այդ նպատակով այս պահին Ն.Օկոնջա-Իվիլան գտնվում է Արագածոտնի մարզում:
Ինչպես Aysor-ին հայտնեց ՀԲ-ի երևանյան գրասենյակի հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Վիգեն Սարգսյանը, Երնջատափ գյուղում ՀԲ կառավարիչ-տնօրենը ծանոթանում է բանկի կողմից ֆինանսավորվող Սոցիալական ներդրումների հիմնադրամի երրորդ ծրագրի շրջանակներում համայնքային կենտրոնի վերակառուցմանը և շինարարությանը, որը մոտենում է ավարտին: Այցի հաջորդ կանգառը կլինի Վարդենուտ և Արա գյուղերում, որոնք Գյուղական ճանապարհների բարելավման ծրագրի շրջանակներում, 3.5 կմ հատվածով վերանորոգվող ճանապարհով կկապվեն M3 մայրուղուն: Ապա կմեկնեն Աղձք համայնք, որտեղ համայնքային գազաֆիկացիայի աշխատանքներ են տարվում` «Գյուղական ձեռնարկությունների և փոքրածավալ առևտրային գյուղատնտեսության զարգացման» ծրագրի շրջանակներում: Հաջորդ կանգառը կլինի Ոսկեվանում` կայցելեն նույն ծրագրով վարկ ստացած «Աշտարակ ձու» ձեռնարկություն, որտեղ արդիականացվել են տեխնոլոգիաները և նոր աշխատատեղեր են բացվել:
Վ. Սարգսյանը հայտնեց, որ Սոցներդրումների հիմնադրամի ծրագրով հավելյալ ֆինանսավորումը կազմել է 8 մլն դոլար` ավելի քան 50 համայնքներում ծրագիր անելու համար, Գյուղական ճանապարհների ծրագիրը` 25 մլն` 140 կմ ճանապարհ կառուցելու համար, և «Գյուղական ձեռնարկությունների ու փոքրածավալ առևտրային գյուղատնտեսության զարգացման» համար` 15 մլն-ից ավել` հարյուրավոր համայնքներում ձեռնարկությունների զարգացման համար: