19/10/2009 13:48
Մեկնարկեց Հայփոստի մարաթոնը
Այսօր Հայփոստի Երևանի թիվ 0006 նորացված փոստային բաժանմունքի բացմամբ սկսվեց Հայփոստ-Մարաթոն ծրագրի իրականացումը նաև մայրաքաղաքում: Բաժանմունքն ամբողջությամբ նորոգվել և համապատասխանեցվել է նոր բրենդին. տեղադրվել են արդի ծրագրերին համապատասխանող նոր համակարգիչներ, նորացվել է մալուխային համակարգը և այլն:
Նորացված բաժանմունքի բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գուրգեն Սարգսյանը, Շենգավիթ համայնքի թաղապետ Սարգիս Հովհաննիսյանը, «Հայփոստթրասթմենեջմենտ»-ի տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանը, «Հայփոստ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի պաշտոնակատար Արման Խաչատուրյանը:
Ա. Խաչատուրյանը` ողջունելով հյուրերին և գործընկերներին, նշեց, որ այս օրը նշանավորվում է նաև նրանով, որ Երևանում սկսվում է մարաթոն. «Հայփոստը մինչև տարվա վերջ Երևանի տարբեր համայնքներում վերանորոգելու, վերակահավորելու է մոտ 30 բաժանմունքներ, որպեսզի կարողանա մեր բնակչությանն առավել որակյալ ծառայություններ մատուցել»:
Գ. Սարգսյանը հավաստեց, որ նման մարաթոն կլինի նաև հաջորդ տարի և այնքան ժամանակ, մինչև բոլոր փոստային բաժանմունքները նման տեսքի կգան, որը իսկապես հարիր կլինի 21-րդ դարին, մեր զարգացող տնտեսությանը: Փոստային բաժանմունքի աշխատակիցները նորմալ պայմաններում կաշխատեն ու կսպասարկեն քաղաքացիներին:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին Հայփոստի արդիականացված բաժանմունք բացվել էր Մասիս քաղաքում:
Հավելենք, որ մինչև տարեվերջ Հայփոստը նախատեսում է բացել ավելի քան 30 նորացված փոստային մասնաճյուղ և բաժանմունք հանրապետության ողջ տարածքում: Առաջիկա տարիներին այդ թիվը կհասցվի 250-ի: Հայփոստ-Մարաթոն ծրագիրը միտված է Հայաստանի ազգային փոստային օպերատորի` Հայփոստի, աշխատանքները համապատասխանեցնելու միջազգային նորմերին, ինչպես նաև բարձրացնելու փոստային ծառայությունների մատուցման և հաճախորդների սպասարկման որակը: