19/10/2009 10:59
Աղվան Հովսեփյանին բաց նամակ են հղել
Ազգային նոր պահպանողական շարժման կենտրոնական կոմիտեն բաց նամակ է հղել գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին և տեղեկացրել, որ հոկտեմբերի 17-ին Վանաձոր քաղաքի ոստիկանության քաղաքային բաժանմունքի աշխատակիցները գիշերը ժամը 23-00-ի սահմաններում Տիգրան Մեծի պողոտայից ոստիկանության բաժին են տարել Ազգային նոր պահպանողական շարժման Լոռու մարզային կոմիտեի ղեկավար Մանվել Կոստանդյանին և լոռու մարզային կազմակերպության ուսանողական միության անդամ Լևոն Յոլչինյանին:
«Մտահոգ լինելով փաստի առթիվ, որ ոստիկանության աշխատակիցները, առանց անհրաժեշտության և առանց որևէ պատճառաբանության բերման են ենթարկել մեր կազմակերպության անդամներին,առանց քրեական գործ հարուցելու վերցրել են նրանց անձնագրերը և ստորագրություն քաղաքից չբացակայելու վերաբերյալ,ընդունելով դա, որպես մարդու իրավունքների ոտնահարման կոնկրետ փաստ, քաղաքացու ազատ տեղաշարժի իրավունքի նկատմամբ բռնություն և ոստիկանության աշխատակիցների կողմից պաշտոնական դիրքի չարաշահման օրինակ, անհանգստանալով ՀՀ քաղաքացու իրավունքների ոտնահարման փաստով, դիմում ենք ձեզ տեղեկացնելով սույն դեպքի մասին և նշելով, որ կարող եք սա ընդունել որպես հայտարարություն քրեական գործ հարուցելու կամ ծառայողական հետաքննություն սկսելու համար», - գրված է դատախազին ուղղված նամակում: