19/10/2009 12:08
Լևոն Արոնյանը չի խաղա Բաքվում
ՖԻԴԵ-ի համաժողովում հաստատվել է, որ շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարը պետք է կայանա Բաքվում: Ադրբեջանի մայրաքաղաքի թեկնածության մասին խոսակցություններ վաղուց կային, բայց դեռ հայտնի չէր, թե շախմատի համաշխարհային կազմակերպությունն ինչպիսի դիրքորոշում կորդեգրի, առավել ևս, որ «Գրան Պրի» շարքում փայլուն մրցելույթների արդյունքում Հայաստանի ներկայացուցիչ Լևոն Արոնյանը հաղթել է ժամկետից շուտ ու իրավունք նվաճել` հանդես գալու հավակնորդների մրցաշարում: Բայց ՖԻԴԵ-ն, այնուամենայնիվ, որոշեց հաստատել Բաքվի թեկնածությունը…
Ինչպես և սպասելի էր, Լևոն Արոնյանը հրաժարվեց մեկնել Բաքու: Ճիշտ է` որոշման կայացումից մի քանի օր առաջ ՖԻԴԵ-ի փոխնախագահ Գեորգիոս Մակրոպուլոսը ժամանել էր Բաքու և հանդիպել այդ երկրի սպորտի ու երիտասարդության հարցերի նախարար Ազադ Ռահիմովի, ինչպես նաև շախմատի ֆեդերացիայի նախագահ Էլման Ռուստամովի հետ: Հանդիպման ընթացքում, ինչպես նշում են ադրբեջանական աղբյուրները, Լևոն Արոնյանի համար անվտանգության երաշխիքներ են տրվել, և Ադրբեջանը ստանձնել է պարտավորություն, որ մրցաշարի բոլոր պահանջները կկատարվեն ամենաբարձր մակարդակով:
Շախմատում անվտանգության երաշխիքների տրամադրումը հարաբերական հասկացություն է: Այս մարզաձևում մանրուքներից շատ բան կախված կլինի, և Լևոն Արոնյանը ճիշտ է վարվել` հրաժարվելով մասնակցել Բաքվում տեղի ունենալիք մրցումներին: Ուստի ՖԻԴԵ-ն որոշում է կայացրել երկու մասի բաժանել մրցաշարը: Չորս շախմատիստներ հանդես կգան Բաքվում, իսկ մյուս քառյակը` մեկ այլ երկրում: Հայաստանի շախմատի ֆեդերացիան երկրորդ քառյակի մրցումներն առաջարկել է կազմակերպել Երևանում: Այս անգամ դեմ է արտահայտվել Ադրբեջանի ներկայացուցիչը: Համաժողովում որոշում է կայացվել, որ երկրորդ քառյակը կխաղա ցանկացած երկրում, բացի Հայաստանից: Ադրբեջանը նման դիրքորոշում է որդեգրել այն պատճառով, որ, հավանաբար, երկու մասնակից կունենա հավակնորդների մրցաշարում, ովքեր, բնականաբար, չեն կարող ընդգրկվել միևնույն խմբում: Ուստի նրանցից մեկը ստիպված պետք է լիներ ժամանել Երևան…
Ավելացնենք, որ հավակնորդների մրցաշարը տեղի է ունենալու 2010 թ. վերջին: